Կունենաք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող բոլոր տեխնոլոգիաներով
Արդեն պարզ երևում է, որ մրցակցություն նախագահական ընտրությունների ժամանակ չի լինի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք գործող նախագահ, ՀՀ նախագահի հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանը քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտություն կունենա՞, թե՞ ընտրությունների արդյունքներն այլևս կանխորոշված են՝ հաշվի առնելով թեկնածուների, կուսակցություննեի պասիվությունը:
«Փետրվարյան միջոցառումը կարելի է ավարտված համարել: Նախագահական ընտրությունները չսկսված՝ դրանք փաստացի ավարտվել են, իսկ արդյունքն այն կլինի, որ մենք կունենաք էպոսագետին հաղթած նախագահ»,- նշեց Արմեն Բադալյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ամեն դեպքում, քանի դեռ ընտրական գործընթացները չեն սկսվել, ընտրական, մասնավորապես՝ PR տեխնոլոգիաներ, ՀՀԿ առաջնորդի կողմից կկիրառվեն, բայց դրանք կլինեն ձևական բնույթի:
«Նախագահն ամեն դեպքում ելույթներ, հանդիպումներ կունենա, բայց դրանք կլինեն այնքանով, որքանով ժանրն է պահանջում: Ընտրական գործընթացն, այնուամենայնիվ, միջոցառում է ու քաղաքական տեխնոլոգիաները կկիրառվեն ոչ թե քաղաքակիրթ պետությունների պես, այլ՝ ձևական: PR-ը կիրառվում է լրացուցիչ ձայների գրպանման, էլեկտորատի պահպանման համար, բայց այս պարագայում սրանց կարիքը չի լինելու:
Մի խոսքով՝ լուրջ մրցակցային տեխնոլոգիաներ չեն կիրառվի ու մենք կունենաք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող բոլոր տեխնոլոգիաներով»,- հավելեց նա: