Նոր մանրամասներ կաշառք ստանալու փաստով
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը՝ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջել է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ բացահայտվել է երկու հանցադրվագ ևս. դեկտեմբերի 25-ին Մասիս քաղաքի մեկ այլ բնակչուհի ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ 2012 թ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայությունից «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 21.500 դրամ կաշառք:
Նույն օրը Մասիս քաղաքի մեկ այլ բնակիչ հայտարարություն է տվել, որ 2011-2012 թթ. ընթացքում Արարատի մարզի սոցիալական ծառայության ցուցակներում մնալու և «Փարոս» ծրագրով նպաստ ստանալու համար նշված ծառայության Մասիս քաղաքի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանին անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Մասիսի բաժանմունքի նամակատար Անահիտ Ա.-ի միջոցով տվել է 160.000 դրամ կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: