Սենսացիա. Երևանում կան խանութներ, որոնք անվճար ապրանք են վաճառում, գնորդին էլ փող տալիս
Օրինակ, «Վեգա» խանութը հայտարարել էր 110% զեղչ։ Սա նշանակում է, որ 5000 դրամանոց ապրանք գնելու դեպքում գնորդը ոչ միայն ոչինչ չի վճարի, այլև ապրանքի հետ միասին կստանա նաև 500 դրամ։
110% զեղչի լուրը ոչ թե կատակ է, այլ փաստ, որն արձանագրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ կայքում, Ամանորին ընդառաջ խանութների զեղչային քաղաքականությունը ուսումնասիրելիս, Հանձնաժողովի դիտակետում է հայտնվել նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութը, որը գնումներ կատարելիս սպառողներին խոստանում է մինչև 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, ինչպես նաև արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:
Քանի որ Ամանորից առաջ հաճախ են գնորդներին տարբեր կերպ (sms հաղորդագրություններ, գովազդներ և այլն) իրազեկում զեղչերի մասին, ապա Հանձնաժողովը տեղեկացնում է, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվելու է անգամ նախատոնական և հետտոնական ոչ աշխատանքային օրերին: ՏՄՊՊՀ-ը դիմում էն նաև սպառողներին, որպեսզի այն դեպքերում, երբ հայտարարված զեղչը չի համապատասխանում իրականությանը, կամ ակնհայտորեն մոլորեցնում է սպառողին, դիմեն Հանձնաժողովին գրավոր, կամ 010 54-40-04 թեժ գծի միջոցով: Միաժամանակ Հանձնաժողովը տնտեսվարողներին զգուշացնում է զերծ մնալ սպառողներին մոլորեցնելու և մրցակցային օրենսդրության խախտման ճանապարհով գործելուց և տեղեկացնում է, որ անբարեխիղճ վարքագծի համար օրենքով նախատեսված պատժաչափը կազմում է օրինախախտ ընկերության տարեկան հասույթի մինչև մեկ տոկոսը: