Լրագրողը «Փոքրիկ իշխանի» թվով 24 թարգմանված գրքերի հավաքածու ունի
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Լուսինե Ղարիբյանը հավաքում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի «Փոքրիկ իշխանը» վիպակի տարբեր լեզուներով թարգմանված գրքերը:
«Մայիսին ստացա «Փոքրիկ իշխանը» գրքի թուրքերեն թարգմանված տարբերակը: Դա թվով չորրորդ գիրքն էր, քանի որ մինչ այդ ունեի գրքի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն տարբերակները: Այսպես որոշեցի հավաքել և այս պահի դրությամբ՝ 24 լեզուներով թարգմանված տարբերակներն ունեմ: Դրանք են` գերմաներենը, արաբերենը, իսպաներենը, լեհերենը, չեխերենը, պորտուգալերենը, վրացերենը, հոլանդերենը, միջեբրայերենը, չինարենը և այլն»,-168.am-ի հետ զրույցում ասաց Լուսինեն:
Գրքերից ոչ մեկը Լուսինեն անձամբ ձեռք չի բերել: Բոլորը նրան նվիրել են: «Փոքրիկ իշխանը» գրքի հավաքածուն համալրելու համար` լրագրողն այս տարի նամակ էր գրել ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, որոնց երկրների լեզուներով թարգմանված գրքերը դեռևս չունի: Լուսինեն խնդրել է՝ իրեն օգնել գրքերը ձեռք բերելու հարցում. «Մինչև այսօր որևէ մեկն ինձ չի պատասխանել: Հուսով եմ՝ կպատասխանեն: Ես ուղղակի շատ եմ սիրում այդ գիրքը: Գրապահարանումս առանձին հատված «Փոքրիկ իշխանին» եմ հատկացրել: Դեռևս տեղավորվում է: Համացանցում փնտրեցի և տեսա, որ գրքի 200-ից ավելի լեզուներով թարգմանություններ կան: Մտադրվել եմ` որքան կարող եմ հավաքել, հատուկ սահման չեմ դրել»,- ասաց Լուսինեն: