«Մեր ազգաբնակչության մեջ այսօր Աստված չկա». Սամվել Սևադա
«Այն ժամանակ, երբ քաղաքականությունն ու բարոյականությունը համատեղելի լինեն, աշխարհի ամենալավ ժամանակաշրջանը կլինի: Այդ մասին կարելի է միայն երազել: Ինձանից շատ ավելի խելացի մարդիկ քաղաքականությունը բնորոշել են այսպես` «Քաղաքականությունը նման է պոռնիկների զբաղմունքին»,- 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե համատեղելի՞ են արդյոք քաղաքականությունն ու բարոյականությունը, ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան:
Ըստ գեղանկարչի` մեր ազգաբնակչության մեջ այսօր Աստված չկա: «Կան ժողովուրդներ, որոնք ապրում են հոտային ոճով: Օրինակ, մուսուլմանական շատ ազգեր կան, որոնց ղեկավարը երբ որևէ բան է ասում՝ բոլորը ենթարկվում են: Ղեկավարի խոսքին վերաբերվում են՝ որպես Ալլահի խոսքի: Մեզ մոտ այդպես չէ: Մեր միլիոնատերերն այս եկեղեցիներն իրենց հոգու փրկության համար են սարքում, իրենց թվում է, թե այդպիսով կփրկվեն: Թող սարքեն, ավելի լավ է այդ փողերով եկեղեցիներ սարքեն: Եթե մի ժողովուրդ անաստված է, ի՞նչ բարոյականության մասին կարելի է խոսել: Ինձ թվում է` Աստծուն մարդկանց միջից սպանեցին»,- ընդգծում է Սամվել Սևադան: