Սարի թաղն ու Էրեբունու շրջանը լուրջ վտանգի տակ են, բայց տեր կանգնող չկա. մասնագետ

«Սխալ են ասում, որ սողանքների առաջն առնել չի կարելի: Այսօր ամեն ինչ էլ կարելի է անել, որովհետև այն աստիճան են գիտությունը, մեթոդները զարգացել, որ միջոցները կան և  կարելի է դա անել: Ինչ սողանք էլ լինի՝ ամենավտանգավոր սողանքի դեմն էլ կարելի է առնել: Տեր պետք է լինի՝ չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդին առընթեր Բնապահպանական հանձնաժողովի անդամ Ռուբեն Յադոյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի տարածքում այսօր կան սողանքային երևույթների հետևանքով վատ վիճակում գտնվող բազմաթիվ տարածքներ, իրավիճակը կարող է շտկվել, մոտեցումը, սակայն, ըստ Յադոյանի, հետևյալն է. «Քանդվում է՝ քանդվի: Միայն հեռուստատեսությամբ ցույց են տալիս, թե որ գյուղում ոնց քանդվեց: Հետո՞: Ո՞վ տեր կանգնեց: Մարդիկ են մահանում, ամեն մեկին ինչ-որ ստից 1 միլիոն դրամ են տալիս, բերանները փակում: Տեր չկա: Քանի գնում՝ դրությունը բարդանում է: Դիլիջանը քանդվում է, տեր կանգնող չկա: Որտեղ ասես, ինչ ասես՝ կառուցում են՝ առանց մտածելու, որ վաղը քանդվելու է: Հրազդանի ձորում էլ տարբեր սողանային փլուզումներ են տեղի ունենում: Վտանգավոր տեղեր են Սարի թաղը, Էրեբունու շրջանը»:

Ռուբեն Յադոյանի խոսքով՝ գիտնականների կողմից սինթեզված «հույսիդ» նյութը կարող է օգտագործվել նաև այս խնդիրները լուծելու համար: Պետք է պարզապես կազմակերպվի այդ նյութի արտադրությունը: «Արտադրումից հետո մեր շրջակա պետություններն այդ նյութը մեծ ուրախությամբ կգնեն՝ սկսած Ուզբեկստանից մինչև Ղազախստան, Թուրքմենստան ու Իրան»,- ասաց երկրաբանական գիտությունների թեկնածու, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդին առընթեր Բնապահպանական հանձնաժողովի անդամ Ռուբեն Յադոյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուբեն Յադոյանը 168.am-ի հետ զրույցում ահազանգել է Երևանի մետրոպոլիտենի վիճակի մասին: Նա վստահեցնում էր, որ համապատասխան մարմինների կողմից լուրջ գործողություններ չիրականացվելու դեպքում՝ մետրոն մի օր կքանդվի: Կարող եք կարդալ՝ այստեղ.

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս