Կազանի հանդիպումը լակմուսի թղթի պես անմիջապես ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը (տեսանյութ)

Եթե Ադրբեջանի ձեռնարկած արկածախնդրությունը մտնի հաջորդ` ռազմական գործողությունների փուլ, հայկական կողմը դրանց դադարեցում պարտադրելու մեթոդ կգտնի: Այս մասին վստահեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Խոսելով կարգավորման գործընթացի մասին` նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինչ-որ պահի համանախագահող երկրները և համաշխարհային հանրությունը եկել էին եզրակացության, որ կողմերը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքների շուրջ:

«Սակայն Կազանի հանդիպումը լակմուսի թղթի պես անմիջապես ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Կազանում Ադրբեջանի կողմից ներկայացված նոր պահանջները, անշուշտ, անսպասելի էին՝ համենայնդեպս մեր և համանախագահների համար: Հաջորդող իրադարձությունները եկան փաստելու, որ Ադրբեջանն իրականում համաձայն չէ այդ երեք սկզբունքներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական կարողությունները՝ հույս ունենալով, թե խնդիրը կլուծի ռազմական տարբերակով.

Կարդացեք նաև

«Հակառակ սրան, մենք բանակցություններին այլընտրանք չենք տեսնում, քանի որ այլընտրանքը ռազմական գործողություններն են, իսկ մենք ոչ մի դեպքում չէինք ցանկանա վերսկսել դրանք»:

Անդրադառնալով խնդրի էությանը, նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ այն կապված է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի հետ և անցնող տարում քանիցս ապացուցվել է դրա կարևորությունը.

«Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար պայքարն է: Վերջին տարվա ընթացքում կատարված իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այն, ինչի մասին ղարաբաղցիները բարձրաձայնում էին 70 տարի շարունակ, այն է` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն: Հասկանում եք, երբ այդ մարդիկ ամեն օր Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն ադրբեջանցիների թշնամիներն են, որ Երևանը, որ մոտ ապագայում նշելու է հիմնադրման 2800 ամյակը, Ադրբեջանի «պատմական տարածք» է, երբ այդ մարդիկ լսում են, թե ինչպես են հերոսացնում մարդասպանին, հունգարական բանտում անցկացրած տարիների դիմաց աշխատավարձ են վճարում, դրանից հետո Ղարաբաղի ժողովուրդն անգամ լսել չի ուզում Ադրբեջանի մասին»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ բնակչության պաշտպանությանը, Հայաստանի նախագահը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է այդ ուղղությամբ:

«Մենք հանդիսանում ենք Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, և եթե իսկապես այս ձեռնարկված արկածախնդրությունը մտնի հաջորդ` ռազմական գործողությունների փուլ, ապա հայերը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Գուցե հարց ծագի, որ Ադրբեջանը տնտեսապես ուժեղ է, Ադրբեջանում բնակչությունը շատ է…, բայց նախ` դրանք ամենաառանցքային գործոնները չեն, երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որևէ տոկոս համաձայնի ցանկացած ճնշման տակ զիջել Ղարաբաղը: Ուստի` իրականում մենք բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք Ղարաբաղը: Տա Աստված, որ նման բան չլինի, բայց կարծում եմ, մենք կգտնենք ռազմական գործողությունների դադարեցում պարտադրելու մեթոդները»,- ամփոփել է Սերժ Սարգսյանն ու հիշեցրել, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանն ի թիվս այլ միջոցների, կարող է միջպետական պայմանագրերում ամրագրված դրույթների համաձայն` դիմել ռազմա-քաղաքական դաշնակիցներին:

panorama.am

 

Տեսանյութեր

Լրահոս