Նախագահն իր շուրջ է հավաքում մարդկանց՝ Դերոյին, Տիկոյին, չգիտեմ՝ ճստոյին, ջղայնանում է վրաները, բայց մեկը լինի՝ իր վրա ջղայնանա
Թեղուտի հանքավայրի շահագործումը իրականացվում է առանց փորձաքննության. պետական մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ այն փորձաքննության ենթարկելու համար: ԱՅս մասին այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը:
«Պետական մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեցին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը փորձաքննության ենթարկվի: Այն, որ Բնապահպանության նախարարություն կառույց գոյություն չունի՝ բոլորիս է հայտնի: Հարցն այն է, որ չկա նաև դատախազություն, չկա ոստիկանություն, չկա նաև նախագահ, որովհետև վերջապես նրանց բոլորի պարտականությունն է վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Որպեսզի ամեն անգամ փալասի տեղ դրած Բնապահպանության նախարարությանը չշպրտեն մեր ոտքերի առջև, մեր ոտքերի տակ չգցեն՝ մենք արդեն սլաքներն ուղղում են կոնկրետ սուբյեկտների վրա:
Պատասխանատու են իրավապահ մարմինները, ովքեր պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները, բայց չեն կատարում: Նույն վարչապետը, նույն նախագահը: Նախագահն իր շուրջ է հավաքում մարդկանց՝ Դերոյին, Տիկոյին, չգիտեմ՝ ճստոյին, ջղայնանում է վրաները, բայց մեկը լինի՝ իր վրա ջղայնանա, որովհետև ինքն էլ չի կատարում իր պարտականությունները»,- հայտարարեց Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանձնելու իրենց բացահայտումները՝ կապված Թեղուտի հանքավայրի հետ: