Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր հավաքվել էին Մաշտոցի պուկակում և իրենց բողոքն էին արտահայտում Թեղուտի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նրանց պնդմամբ՝ այն իրականացվում է առանց փորձաքննության ենթարկվելու:

Ըստ նրանց՝ 2010-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը դիմել է միջազգային «Environmental Resource Management» ERM կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում:

«ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության»,- նշված էր քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Ըստ նախաձեռնության անդամների՝ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանից ստացված գրությունից հետևում է, որ բնապահպանական պետական տեսչությունը չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Մեր գնահատմամբ, պետական պատասխանատու պաշտոնյաների արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Պաշտոնատար անձանց կողմից բացարձակ անտարբերությունը զուգորդվում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերով, ինչը ևս պետք է լինի իրավապահ մարմինների քննության առարկա:  Մեր գնահատմամբ, Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներ, քանի որ 2010 թվականից սկսած Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով հաստատված լիցենզիայի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը), քանի որ աշխատանքները տարվում են 2006 թվականին հաստատված փորձաքննական եզրակացությամբ նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության կանոնների էական խախտմամբ:

Ի պատասխան սրան «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարել էին, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը, ինչպես նաև համապատասխան իրավունքները «Թեղուտ» ՓԲ ընկերությանը փոխանցելուց հետո՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ուղղությամբ աշխա­տանք­ներն իրականացնում են այն աշխատանքային նախագծով սահմանված կարգով, որն օրենսդրությամբ սահմանված կարգով անցել է բոլոր պահանջվող փորձաքննությունները: Ընկերությունները նաև հայտարարել էին, որ նախագծերի շարունակական կատարելագործման նպատակով իրականացրել են հետազոտական աշխատանքներ. «Այդ աշխատանքների արդյունքում ստացված՝ հաստատված աշխատանքային նախագծի հնարավոր բարելավումների՝ տվյալ պահի դրությամբ ընդհանրացված մի փաթեթ, հաստատված աշխատանքային նախագծին զուգահեռ 2010 թ. ներկայացվել է ERM ընկերությանը՝ միջազգային ֆինանսական կորպորացիայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից փորձաքննություն իրականացնելու նպատակով: 2010 թվականին կազմված փաստաթուղթը, ըստ էության, հաստատված աշխատանքային նախագծի բարելավման ուղղությամբ շարունակական աշխատանքների ընթացիկ արդյունք է: Այդ փաստաթղթի վերջնական տարբերակում տեղ գտած՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից իրադրության փոփոխություն ենթադրող առանձին լուծումներ, որպես հաստատ­ված աշխատանքային նախագծի լրացումներ, անշուշտ, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվելու են համապատասխան պետական լիազոր մարմիններին»:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ իրավախախտումների մասին նամակը հանձնելու ՀՀ գլխավոր դատախազին:

 

Տեսանյութեր

Լրահոս