Վլադիմիր Գասպարյանը՝ տկարամիտների և մսագործների մասին (տեսանյութ)
«Մենք միասին պայմանավորվել ենք, որ ծեծով, ջարդով բացահայտումներ չեն լինում։ Մենք այս դահլիճում խոսել ենք մի քանի անգամ, որ երբ ուժ ես կիրառում հանցագործություն բացահայտելու համար, ուրեմն անխելք ես, տկարամիտ ես, և միտքդ չի աշխատում։ Մասնագետ չես և ուղղակի մսագործ ես»,- դեկտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ըստ ոստիկանապետի, եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, ապա թող չբացահայտվի։ «Մսագործությունը, ծեծուջարդը կատեգորիկ արգելել է պետք համակարգում»,- ասել է Վլ. Գասպարյանը։
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է. որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է նաև օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու կոնկրետ հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին: