Դավիդյանը քաղաքական ամբիցիաներ չունի

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՅԴ անդամ  Նորայր Դավիդյանը հերքում է օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, թե կուսակցությունը ԲՀԿ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ իրեն է առաջարկել՝ իբրև նախագահի թեկնածու:

«Կուսակցության մեջ նման խոսակցություն ընդհանրապես չի էլ շրջանառվել: Չգիտեմ, թե որտեղից է նման տեղեկություն հայտնվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Դավիդյանը:

Նախկին նախարարը, ով այժմ ղեկավարում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը, նշեց, որ կուսակցության ժողովներին մասնակցում է, սակայն ավելի շատ զբաղված է կենտրոնի  աշխատանքներով: «Կուսակցությունում առանձնապես ակտիվ չեմ»,- ասաց նա:

Հարցին՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք, նախկին նախարարը պատասխանեց, թե ինքը երբեք էլ քաղաքական մեծ ամբիցիաներ չի ունեցել, իր նախարար նշանակվելու մասին էլ մեկ օր առաջ է իմացել:

Կարդացեք նաև

«Ես քաղաքականության մեջ եղել եմ այնքանով, որ եղել եմ Դաշնակցության անդամ, ես բժիշկ եմ, իմ աշխատանքով եմ զբաղվում»,- նշեց Նորայր Դավիդյանը` շեշտելով, որ նույնիսկ կուսակցության ներսում ղեկավար պաշտոններ երբեք չի զբաղեցրել:

Հարցին, թե հնարավո՞ ր է իր թեկնածության առաջադրվելու մասին նույնպես, ինչպես նախարար նշանակվելու ժամանակ, իրեն մեկ օր առաջ առաջարկ ներկայացնեն, Նորայր Դավիդյանը պատասխանեց, թե բացառում է, որ կուսակցության կողմից իրեն նման առաջարկ կարվի: Իսկ եթե արվի, ապա, ըստ Նորայր Դավիդյանի՝ ինքը կհրաժարվի, քանի որ նախագահի պաշտոնը շատ պատասխանատու է:

«Իմ կարծիքով՝ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Դա բացառվում է: Ես գտնում եմ, որ նախագահ լինելը շատ բարդ բան է»,- ասաց Նորայր Դավիդյանը:

Թե ե՞րբ և ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի կուսակցությունը նախագահական ընտրություններում, Նորայր Դավիդյանը տեղյակ չէ:

«Ինձ թվում է` ոչ մեկին չեն առաջադրի, դա իմ անձնական կարծիքն է»,- եզրափակեց նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս