Վարդան Օսկանյանը «Rich»-ի հաճախորդն է. «Rich» սրճարանի մենեջեր

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաստատել էր, որ  մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իր և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը, որը ձայնագրվել և տարածվել էր youtube-ում, տեղի էր ունեցել «Rich» սրճարանում՝ մի քանի շաբաթ առաջ, սակայն կոնկրետ օրը նա չէր հիշում:

168.am-ը այսօր այցելեց «Rich» սրճարան, որը, սակայն, պարզվեց՝ հոկտեմբեր ամսից չի գործում՝ եղանակների պատճառով:

Մենք զանգահարեցինք «Rich» սրճարանի մենեջեր Ֆրիկ Ռոստոմյանին:

Ի պատասխան մեր հարցին, թե «գաղտնալսված» հայտնի քաղաքական գործիչները նախօրո՞ք են պատվիրել սեղանը և հնարավո՞ր է արդյոք, որ ձայնագրման սարքը նախապես էր դրվել նրանց մոտ՝ գաղտնալսելու համար, Ֆ. Ռոստոմյանը պատասխանեց, որ ինքը չի իմացել ձայնագրության մասին ու առաջին անգամ մեզանից է լսում, որ նման բան է կատարվել:

«No, no: Ռեզերվ համենայնդեպս ես չեմ արել: Ես չգիտեմ էլ՝ դա ի՞նչ ձայնագրություն է: Ե՞րբ են քցել, հիմա youtube-ում կա՞, կարա՞մ նայեմ»,- հարցնում էր Ֆրիկ Ռոստոմյանը՝ ավելացնելով, թե «The voice» մրցույթին մասնակցելու պատճառով ինքը հոկտեմբեր ամսին հաճախ է բացակայել սրճարանից:

Հարցին, թե Լևոն Զուրաբյանին և Վարդան Օսկանյանին տեսե՞լ եք Ձեր սրճարանում, «Rich» սրճարանի մենեջեր Ֆրիկը Ռոստոմյանը պատասխանեց. «Ներողություն, իսկ ո՞վ է Լևոն Զուրաբյանը: Չեմ էլ ճանաչում, անկեղծ ասած»:

Քանի որ Ֆրիկ Ռոստոմյանը չէր ճանաչում Լևոն Զուրաբյանին, մենք հետաքրքրվեցինք նաև Վարդան Օսկանյանից, թե արդյոք պարոն Օսկանյանը հաճա՞խ է այցելում իրենց սրճարան: Պարզվեց՝ Վարդան Օսկանյանին գիտեն:

«Վարդան Օսկանյանը մեր հաճախորդն է: Հաճախ է գալիս մեզ մոտ»,- ի պատասխան ասաց Ֆրիկ Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ youtube-ից հեռացվել է հայտնի ձայնագրությունը, որը կատարվել է «Rich» սրճարանում:

Տեսանյութեր

Լրահոս