Բեռնատարները բախվել են իրար, իսկ ՊՆ աշխատակցի մեքենան էլ բեռնատարին. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Հրաչ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ 39-ամյա Մահամադ Ալի Ռուշանը, վարելով «Մակ» մակնիշի 22 A 52310 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը ենթարկվել է սահքի և բախվել ճանապարհի ձախ կողմում կայանված Իրանի Հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչ 42-ամյա Մեհդի Հեյզումի Չալվարի վարած «Էվիգո» մակնիշի 81 A 665 համարանիշի ավտոմեքենային:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո «Էվիգոյի» կցորդը կողաշրջվել և փակել է ճանապարհը, ինչից հետո Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Աշոտ Նավասարդյանը իր կողմից վարած «Opel Vektra» մակնիշի 31 ՕԼ 121 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհը լայնությամբ փակած Մահամադ Ալի Ռուշանի վարած ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Opel Vektra»-ի ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը, դասակի հրամանատար Կարեն Օհանյանը և ՃՈ հետաքննիչ Լևոն Բաբայանը: Ողջ գիշեր ՃՈ և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են կատարել նշված տրանսպորտային միջոցը ուղղելու և ճանապարհը բացելու համար:

Մինչ այդ երթևեկությունը ՃՈ աշխատակիցների կողմից կազմակերպվել է տարանցիկ ճանապարհով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Արթուր Նավասարդյանը «Opel»-ի վարորդ Աշոտ Նավասարդյանի որդին է, իսկ վերջինս աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես օպերատիվ բաժնի ավագ սպա:

Տեսանյութեր

Լրահոս