Լևոն Զուրաբյանը՝ ձայնագրության «պոչերի» մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր և Վարդան Օսկանյանի միջև տեղի ունեցած զրույցի հայտնի ձայնագրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պատվերով՝ ՀՀ հատուկ ծառայությունների կողմից: Նրա խոսքով՝ եթե նման պատվեր չկա և եթե իշխանություններն ուզում են ապացուցել, որ նման պատվեր չկա, ապա շատ հեշտ է պարզել, թե ով է youtube-ում տեղադրել այն:
«Եթե հատուկ ծառայությունները չեն, ապա կան պոչեր, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել ձայնագրություն կատարողներին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողների հարցին, թե պաշտոնապես դիմե՞լ եք ՀՀ իրավապահ մարմիններին, Լ. Զուրաբյանն ասաց, թե ինքը հրապարակավ է արել իր հայտարարությունը, սակայն եթե պետք է պաշտոնապես դիմի, ապա պատրաստ է նաև պաշտոնապես դիմել:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին ձայնագրության բովանդակությունից, սակայն ՀԱԿ համակարգորղը հրաժարվեց խոսել այդ մասին՝ ասելով, թե նրանք, ովքեր անդրադառնում են ձայնագրության բովանդակությանը՝ կամա, թե ակամա դառնում են Հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքի մասնակից: