Բաժիններ՝

Լինքո՞լնը, Բեն Լադե՞նը, թե՞ թշվառները

Դեկտեմբերի առաջին կեսը համաշխարհային կինոյի համար կարևոր ժամանակաշրջան է: Հենց այս ժամանակ են ի հայտ գալիս անցնող տարվա ընթացքում նկարահանված լավագույն գործերը: Կինոքննադատների տարբեր միություններ սկսում են ներկայացնել իրենց մրցանակների հավակնորդներին:

Երեկ Հոլիվուդյան մամուլի միջազգային ասոցիացիան հրապարակեց իր հեղինակությամբ երկրորդ կինոմրցանակաբաշխության` «Ոսկե գլոբուսի» հավակնորդներին: Սովորաբար, հենց այս ֆիլմերի շարքից էլ ընտրվում են ապագա օսկարակիրները:

Այսպիսով, «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի հավակնորդները հինգն են, որից երեքը համաշխարհային կարևոր քաղաքական պատմություններ են: Ռեժիսոր Բեն Աֆլեկի «Արգո»-ն 1979թ. Իրանի հեղափոխության մասին է, երբ իսլամիստները հարձակվեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան վրա` գերի վերցնելով 52 ամերիկացու: Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն»-ը կենսագրական դրամա է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մասին, իսկ միակ օսկարակիր կին ռեժիսոր Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ» դրաման պատմում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Ուսամա Բեն Լադենի ոչնչացման գործողությունների մասին: Գլխավոր մրցանակի համար պայքարում են նաև Քվենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգո» արկածային վեսթերնը և Էնգ Լիի «Պիի կյանքը» դրաման:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում ևս պայքարում են հինգ ժապավեն: Գլխավոր հավակնորդները Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հիման վրա Թոմ Հուպերի կողմից նկարահանված «Թշվառները» մյուզիքլը և Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ժապավենն են:

«Օսկարի» ֆավորիտ է համարվում նաև ավստրիացի Միկաել Հանեկեի «Սեր» ժապավենը, որն այս տարի հասցրել է արժանանալ տարբեր մրցանակների, այդ թվում` Կաննի փառատոնի «Ոսկե արմավենուն>, Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակին: «Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցուցակում ֆիլմը պայքարում է «Լավագույն արտասահմանյան ժապավեն» անվանակարգում:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարի 13-ին, սակայն մինչ այդ` հունվարի 10-ին արդեն հրապարակված կլինի «Օսկարի» հավակնորդների ցուցակը:

«Ոսկե գլոբուսի» հավակնորդների ամբողջական ցուցակը դիտեք այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս