«Գնացեք հեռու, ես չկամ». սա է ասել Գագիկ Ծառուկյանը երեկվա հայտարարությամբ` ըստ Ստեփան Սաֆարյանի
«Այն, ինչ նկատում էինք վերջին ամիսներին, հետևյալն էր. Հանրապետական կուսակցությունն ընկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ետևից, ասում էր` պիտի սատարես մեզ, պիտի հավատարիմ մնաս կոալիցիոն հայտարարությանը, և այսպես շարունակ»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից հրավիրված բանավեճին անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» երեկվա հայտարարությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ Հայ ազգային կոնգրեսը հույսեր էր փայփայում, որ ԲՀԿ-ն լիարժեք անցում կկատարի ընդդիմության և իշխանության միջանկյալ դիրքից և կդառնա ընդդիմություն և ընտրություններում ավելի շատ կպաշտպանի ՀԱԿ-ի թեկնածուին: Եվ վերջապես Ռոբերտ Քոչարյանն էր շատ տեսանելի ձևով ընկած ԲՀԿ-ի ետևից, որ՝ «եթե դու թեկնածու չլինես, ապա քո թեկնածուն կլինի սա»: Ի՞նչ ասաց Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի երեկվա հայտարարությամբ. «գնացեք հեռու, ես չկամ»:
Սա մեղմ եմ ասում, և, անկեղծ ասած, կարծում եմ` Հայաստանի Հանրապետությունը չշահեց սրանից: Միանշանակ է, որ այդ քաղաքական ուժի այդ որոշումը կորզվել է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն, իր հերթին՝ խոսելով ԲՀԿ հայտարարության մասին, նշեց, որ իրենք հարգում են քաղաքական բոլոր ուժերի որոշումները, և ՀՀԿ-ի համար շատ հետաքրքիր կլիներ, եթե ԲՀԿ-ն մասնակցեր ընտրություններին: Արձագանքելով Ստեփան Սաֆարյանին` Հանրապետական պատգամավորն ասաց.
«Անդրադառնալով պարոն Սաֆարյանի հայտարարությանը, թե հետևից էին ընկել, գոնե Հանրապետական կուսակցությունը երբևիցէ որևէ մեկի ետևից չի ընկել և դա ապացուցեց այն, ինչին մենք ականատես եղանք վերջին մեկ շաբաթվա ընթացքում… Իհարկե, լավ կլիներ, որ ԲՀԿ քաղաքական թիմն առաջադրվեր, և մրցապայքարը շատ ավելի հետաքրքիր կանցներ: Եվ չառաջադրվելով` միգուցե նաև Ձեր քաղաքական թիմի առաջադրվող թեկնածուի շանսերն են ավելանում: Հետևից ընկնելու հետ կապված նաև մի փոքր հումորային ռեպլիկ. մի՞գուցե «Ժառանգությունն» է դեռևս «Ազատ դեմոկրատների» հետևից ընկած, որպեսզի տան իրենց համաձայնությունը` սատարելու այն քաղաքական թիմի առաջնորդին, ում հետ միասին մտել են խորհրդարան»: