«Լևոն Զուրաբյանին հարցրեք, որովհետև ամենածանրը նա տարած կլինի»
«Ուզում եմ Ձեզ ի սկզբանե հիասթափեցնել: Հայաստանում ստեղծված իրավիճակը նմանվել է երիցուկային քաղաքականության` սիրո՞ւմ է, չի՞ սիրում, կդնի՞, չի՞ դնի: Իսկ դրա շուրջ ծավալված խոսակցությունները` ով ում է սիրում, ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում քցեց, ով ում տրվեց, ինձ և իմ կուսակցությանը բացարձակապես չեն հետաքրքրում»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով փետրվարին կանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ չառաջադրվելու և որևէ թեկնածուին չսատարելու մասին կայացրած որոշմանը:
Սուրեն Աբրահամյանը վստահեցրեց, որ իր համար ի սկզբանե հասկանալի էր ու սպասված ԲՀԿ-ի վերոնշյալ որոշումը, քանի որ ինքը գիտի, թե ինչի՞ համար է ստեղծվել ԲՀԿ-ն:
«ԲՀԿ-ն չէր կարող անկառավարելի լինել, քանի որ գիտենք՝ ով է ստեղծել այն և ի՞նչ նպատակների համար: Իսկ նպատակն այն է, որ հասան նրան, որ քաղաքական դաշտը ամայացավ, որ լուրջ ֆավորիտ այս պահին չկա: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի՝ Սերժ Սարգսյանը շռնդալից գնալու է առաջ ու վերընտրվի»,- նշեց Աբրահամյանը:
Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ առաջադրվի՝ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա ՀԱԿ-ին հարցրեք, Լևոն Զուրաբյանին հարցրեք, որովհետև ամենածանրը նա տարած կլինի»: