Փրթվեց ԲՀԿ կոչվող պարանը, որը քաշում էին Քոչարյանը, Սարգսյանը և ՀԱԿ-ը

«Պարանը փրթվեց, այն պարանը, որ ԲՀԿ էր կոչվում և բոլոր կողմերից քաշքշում էին՝ Քոչարյանի կողմից, նախագահականի, ՀԱԿ-ի կողմից: Պարանը չդիմացավ և հասկանալի վիճակ ունեցավ քաշողների համար, բոլորը վայր ընկան և ծիծաղելի վիճակում հայտնվեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ galatv.am-ի՝ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը՝ մեկնաբանելով երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշումը՝ չմասնակցել նախագահական ընտրություններին:

Հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը գնաց այդ քայլին, Ա. Աղայանը պատասխանել է.

«Ես շատ կուզեի հավատալ, որ նա հեռահար նպատակ ուներ այս քայլն անելով, բայց ենթադրում եմ` այդպես չէ, նա ստիպված էր դա անել: Սերժ Սարգսյանն` իր պահաջներով սպառնալիքներով, Քոչարյանի թիմն` իր սպառնալիքներով, ճնշումներով, տարբեր խելոք մարդիկ էին նրա շուրջը ասում` այս արա, այն արա, և այս մարդը չդիմացավ»:

Նրա կարծիքով` հատկապես ծիծաղելի վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը, քանի որ նրանք վերջին ամիսներին սպասում էին ԲՀԿ դիրքորոշմանը և նախագահական ընտրություններին մասնակցելու սեփական տարբերակ չէին մշակում:

Կարդացեք նաև

«Ծիծաղելի վիճակում է նաև իշխանությունը. Սերժ Սարգսյանը հայտնվել է խեղկատակ մրցակիցների միջավայրում»,- ասել է նա:

Ըստ նրա` թե ո՞վ կառաջադրվի ՀԱԿ-ից՝ դժվար է կանխատեսել: Նրա խոսքով՝ գուցե Նիկոլ Փաշինյաննը ակտիվանա, սակայն, բոլոր դեպքերում, նա դա անիմաստ քայլ է համարում, քանի որ քաղաքական այս իրավիճակը, երբ չկա Սերժ Սարգսյանին հակակշիռ թեկնածու, պետք է վայելել: «Մենք ականատես ենք Հայաստանի քաղաքական համակարգի ծայրահեղ ճգնաժամին, սրանից հետո պետք է փոփոխությունների ենթարկվի այն»,- նկատել է Աղայանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», ապա, ըստ քաղաքագետի, նրանք այլ իրավիճակում են.

«Բավականին երկիմաստ իրավիճակում է Րաֆֆի Հովհաննիսյանը. եթե միակն է, ում խեղկատակ չի կարելի կոչել, ստացվում է, որ նա իր մասնակցությամբ լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանին: Դաշնակցությունը դեռ չի ասել իր մասնակցության մասին, իրավիճակից մաքուր դուրս գալու ավելի մեծ հնարավորություն ունի»,- ասել է նա:

Galatv.am-ի հարցին՝ ի՞նչ դիրքորոշում կունենա Դաշնակցությունը այս ընտրություններում՝ կսատարի՞ արդյոք Սերժ Սարգսյանին` հատկապես հաշվի առնելով նրանց վերջին հանդիպումը, և հետագայում կկազմի՞ իշխանության մաս, Աղայանը պատասխանել է, թե Դաշնակցության վերջին հայտարարություններից պետք է հասկանալ, որ չեն սատարի Սարգսյանին: Ինչ վերաբերում է իշխանության մաս կազմելուն, ապա Արմեն Աղայանն ասել է, թե դեռ դժվար է նման կանխատեսում անելը, սակայն նա չի բացառել Դաշնակցության՝ իշխանական կոալիցիայի մաս կազմեու հավանականությունը:

«Բարգավաճ Հայաստանի» վարկանիշն, ըստ Աղայանի, նման քաղաքական զարգացումներից հետո, մեկ տարի հետո կլինի այսօրվա ՀԱԿ-ի վարկանիշի նման, եթե ոչ` ավելի ցածր:

Տեսանյութեր

Լրահոս