Տեր-Պետրոսյանը կդառնա՞ Ծառուկյան

Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի մասնակիցները քննարկել են ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, այսինքն՝ ԲՀԿ ղեկավարի չառաջադրման տեղեկության պաշտոնական հաստատումը:

Այս համատեքստում ՀԱԿ քաղխորհրդի անդամները խոսել են այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, քանի որ Ծառուկյանի չառաջադրվելը ստեղծել է բավական նպաստավոր իրավիճակ,  և ԲՀԿ ընտրազանգվածը կքվեարկի իր թեկնածուի օգտին: ՀԱԿ անդամները Տեր-Պետրոսյանի առաջադրման համար նպաստավոր են համարել նաև այն հանգամանքը, որ այս ընտրություններում չկա թեկնածու, ով կկարողանա կիսել ընդդիմության ձայները, ինչպես դա տեղի ունեցավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ՕԵԿ նախագահը ստացավ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մի մասը: ՀԱԿ անդամները համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող շեղել ընդդիմադիր ընտրազանգվածին, և իրենց թեկնածուի համար լուրջ մրցակից չի կարող լինել: Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ քաղխորհուրդը, մեծ հաշվով, ոչինչ չորոշող մարմին է, և բոլոր որոշումները կայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը միանձնյա:

Այնպես որ, ՀԱԿ անդամների տեսակետներից և քննարկման արդյունքներից չի կարելի եզրակացնել, թե ինչ որոշում կկայացնի Տեր-Պետրոսյանը:

Ի վերջո, ԲՀԿ անդամներն էլ էին պնդում, որ Ծառուկյանն առաջադրվի, բայց նա ճիշտ հակառակ որոշում կայացրեց: Ի դեպ, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, ով, գոնե ժամանակ առ ժամանակ, մասնակցում էր կուսակցականների հետ հավաքներին, Տեր-Պետրոսյանը ներկա չի գտնվում որևէ, այդ թվում՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերին:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս