Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ ԲՀԿ-ականները լքեն կուսակցությունը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու և ոչ մեկին չսատարելու մասին կայացրած որոշումները ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու դրսևորումներ չեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Հարցին, թե ՀԱԿ-ի հետ համագործակցող ԲՀԿ-ն ինչո՞ւ չի սատարելու ՀԱԿ-ի թեկնածուին, և այդ պարագայում ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի որոշումը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում ինձ թույլ տալ խոսել այդ մասին: Բայց հասկանալի է, որ նման պարագայում կուսակցությունների կեցվածքն, ըստ էության, կարող է ճիշտ նշանակություն ունենալ հետագա զարգացումների վրա: Եթե ԲՀԿ-ն հայտարարում է չառաջադրվելու և որևէ մեկին չսատարելու մասին, մնացած քաղաքական ուժերի դիրքորոշումը, վարքագիծը ընդհանուր պրոցեսի մեջ փոփոխություն առաջացնել չեն կարող»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչո՞ւ էր ԲՀԿ առաջնորդն այսքան երկար ժամանակ լռում իր որոշման մասին, եթե պետք է չառաջադրվեր, Վարդան Բոստանջյանն ասաց, որ պատասխանել այս հարցին ինքը չի կարող. «Իրեն հարցրեք այդ մասին»:
Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ ԲՀԿ-ականները լքեն կուսակցությունը: Մեր հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե հնարավոր է որոշ ԲՀԿ-ականներ, այդ թվում՝ պատգամավորներ, լքեն ԲՀԿ-ն, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Նման հարցերին գիտե՞ք՝ ինչպես են պատասխանում. ասում են՝ ոչինչ բացառել հնարավոր չէ»:



