Եթե բիզնեսը չգիտի նոր հնարավորությունների հետ աշխատել, ապա գումարներ կկորցնի

Հարցազրույց Google Russia-ի նախագծերի ղեկավար, մեդիա գովազդի մասնագետ Իլյա Սիդորովի հետ

– Ձեր կարծիքով՝ ինտերնետում գովազդի ապագան ինչպե՞ս է լինելու:

– Այսօր մեդիագովազդը և ընդհանրապես գովազդն ինտերնետում արագորեն փոխվում է: Ընդհանուր առմամբ փոխվում է գովազդային հարթակը, գովազդի տարածման և ընկալման ու նաև ստացման եղանակները: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց մաքսիմալ անհատականացված (ինդիվիդուալ) հաղորդագրություն ցուցադրել, և այդպիսով ինտերնետի օգտատերերը տեսնում են հենց այն գովազդը, որը հետաքրքիր է կամ կարող է հետաքրքիր լինել նրանց համար:

Հետևաբար, գովազդատուները վճարում են այն օգտատերերի համար, որոնց համար իրենց ընկերության գովազդը կարող է հետաքրքիր լինել: Այսինքն` գովազդի նկատմամբ մոտեցումն ամբողջովին փոխվում է: Եթե նախկինում պետք էր պարզապես մշտապես մարդուն ցուցադրել տվյալ ապրանքի գովազդը և այդպիսով «ստիպել» նրան ցանկանալ դա, ապա ներկայումս մոտեցումն այլ է. գովազդն ավելի շատ երևում է այն մարդկանց, ովքեր պոտենցիալ գնորդ կարող են հանդիսանալ, այսինքն` գովազդն այլևս բոլորին չի ցուցադրվում, այլ թիրախավորված է և անհատականացված և ուղղված է արդեն կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբերի: Հենց դրանք են գովազդի ժամանակակից տենդենցները:

Կարդացեք նաև

– Դուք նկատի ունեք սոցիալական ցանցերը, օրինակ` Facebook-ը, որը հնարավորություն է տալիս թիրախավորված գովազդ անել:

– Այո, սակայն, սոցիալական գրաֆը դա ընդամենը մեկն է այն հեռանկարային ուղղություններից, որով հնարավոր է հասկանալ տվյալ անձի հետաքրքրությունները, հասկանալ այն աշխարհը, որտեղ նա ապրում է, ինչը կարող է նրան հետաքրքրել, կամ, ամենայն հավանականությամբ, այն, ինչը նա կցանկանա գնել:

Կան նաև այդ ամենը որոշելու այլ հնարավորություններ. գլխավոր ուղղություններից է տեղեկատվության փնտրման և հավաքման վերլուծությունը, որի արդյունքում կարելի է որոշել օգտագործողին առավել մոտ թեմաներն ու հետաքրքրությունները:

– Սոցիալական մեդիան տալիս է հնարավորություններ և միևնույն ժամանակ` նաև որոշակի խնդիրներ է ստեղծում ընկերությունների համար: Օրինակ` ինչ-որ մեկը կարող է գրել մի մեկնաբանություն և, … խնդիրներ առաջանան:

– Ճիշտ եք, իրականում սոցիալական ցանցերը, ինչպես ամեն մի նոր բան, սկզբում մշտապես նոր հնարավորություններ են բացում ու նաև նոր խնդիրներ առաջացնում: Սոցիալական ցանցերի շրջանում ևս այս ամենը նկատելի է: Իրականում այսօր արագ զարգացող մոբիլ (շարժական) կապը բավականաչափ փոխում է աշխարհի պատկերը, ինչպես, օրինակ` Ճապոնիայում շարժական կապը գերազանցել է սեղանի համակարգչի (desktop computer) թրաֆիկը, այսինքն` մարդիկ շարժական սարքերով` սմարթֆոններով և պլանշետներով` ավելի շատ են մտնում ինտերնետ, քան սովորական համակարգիչներով:

Այս ամենը նույնպես բիզնեսի համար նոր հնարավորություններ է բացում: Եթե դուք գիտեք` ինչպես այդ ամենի հետ աշխատել, ապա կկարողանաք դրանից մեծ եկամուտներ ստանալ: Իսկ եթե բիզնեսը չգիտի, թե ինչպե՞ս նոր հնարավորությունների հետ աշխատել, ապա պարզապես գումարներ կկորցնի:

Օրինակ` մարդիկ սմարթֆոնով մտնում են խանութ, սքանավորում են տվյալ ապրանքի շտրիխ կոդերը, և իրենց իսկ սմարթֆոնով, սակայն, արդեն ուրիշ ինտերնետ խանութից ավելի էժան գներով ձեռք են բերում տվյալ ապրանքը: Եթե դուք այն ինտերնետ խանութն եք, որից մարդիկ գնումներ են կատարում, ապա դուք կշահեք, իսկ եթե մարդը ձեր խանութ մտել է ուղղակի ապրանքը սքանավորելու համար, ապա դուք, բնականաբար, կորցնում եք:

– Այսինքն` դա նշանակում է, որ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանում դու չես կարող խաբել և ասել, որ քեզ մոտ ամենաէժանն է վաճառվում տվյալ ապրանքը, քանի որ գնորդն այդ ամենի մասին ինքը կարող է ճշտել և տեղեկանալ:

– Այո, քանի որ այդ ամենը հնարավոր է արագ պարզել: Այստեղ, սակայն, կարող են մեծագույն դերակատարում ունենալ նաև այլ գործոնները, օրինակ` հաճախորդը կարող է անգամ ավելի գումար վճարել, եթե սիրում է ինչ-որ կոնկրետ ապրանքանիշ, որը կոնկրետ ձեզ է պատկանում, քանի որ գիտի՝ գնում է այն, ինչ ինքն իսկապես սիրում է, կամ նա դրա համար պատրաստ է վճարել, թեկուզև փոքր-ինչ թանկ, քանի որ տվյալ խանութում իրեն բարեհամբույր են վերաբերվել, և այլն: Կարևոր է այդ ամենը հասկանալ և այդ ամենից օգուտ քաղել:

– Ի՞նչ խորհուրդներ կտաք ընկերություններին, ինչպե՞ս իրենց գովազդել ինտերնետում և ինչպե՞ս հաղթահարել այդ բոլոր խնդիրները:

– Անխոս, ամենակարևորը` պետք է հիշեն իրենց հաճախորդի, իրենց գնորդի մասին, իսկ ինտերնետը հնարավորություն է տալիս կապի մեջ լինել հաճախորդի հետ և աշխատել հնարավորինս բավարարել նրա պահանջները, որպեսզի նա կրկին վերադառնա: Ամենաարժեքավորը ցանկացած բիզնեսի համար, թերևս, կրկնակի գնորդներն ու հավատարիմ հաճախորդներն են:

Այն հաճախորդները, որոնք տվյալ ապրանքը կամ ծառայությունը կերաշխավորեն նաև այլոց շրջանում, իսկ դա պարզապես հրաշալի կլինի: Իսկ ինտերնետն այս առումով մեծ հնարավորություններ է ընձեռում: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ երբ որևէ նոր բան է հայտնվում՝ պետք է տեսնել դրա հնարավորությունը, հետևել տենդենցներին, փորձել տեղյակ լինել և աշխատել օգտագործել բոլոր բացվող հնարավորությունները:

– Այսինքն` տեսնել ոչ թե խնդիրները, այլ հնարավորությունները:

– Այո: Գործնականում խնդիրներ միշտ են առաջ գալիս, սակայն, անգամ ամենամեծ բացասական երևույթն ունի իր դրական կողմը, որը կարելի է օգտագործել: Կարող եմ նշել ռուսական էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող խանութների խոշոր ցանցը` Mvideo-ի օրինակը: Երբ սկսվեց այդ շտրիխ կոդերի սքանավորման տենդենցը, նրանք հասկացան, որ դա կարող է չափազանց բացասաբար ազդել իրենց բիզնեսի վրա, այն դեպքում, երբ նրանք ունեին ինտերնետ խանութ, որը, սակայն, նրանց համար առաջնահերթություն չէր ներկայացնում, քանի որ հիմնական առևտուրն իրենք առերես էին կազմակերպում:

Սակայն նրանք հասկացան, որ կարելի է օգտագործել այդ հնարավորությունը և ստանալ հավելյալ եկամուտներ, այլապես շատ հնարավոր էր, որ կորցնեին իրենց հաճախորդներին: Այդպիսով, նրանք սկսեցին շատ լուրջ քայլեր կատարել ինտերնետ խանութի զարգացման ուղղությամբ, այդ թվում` հավելյալ զեղչեր սկսեցին տրամադրել հաճախորդներին, ովքեր իրենց գնումները կկատարեին իրենց ինտերնետ խանութից: Նրանք անգամ անվճար առաքման հնարավորություն ստեղծեցին և մաքսիմալի հասցրեցին ոչ միայն գնում կատարելու, այլև վճարումներ իրականացնելու հարմարությունները:

Մինչև անգամ կրեդիտ քարտով վճարում կատարող գնորդին հավելյալ 5% զեղչ էր սպասվում: Այդպիսով, նրանք սկսեցին կիրառել այն ամենը, ինչը սկզբում դիտարկում էին` որպես բացասական տենդենց, որը մտահոգում էր նրանց և կարող էր բացասաբար անդրադառնալ իրենց բիզնեսի վրա: Այդ ամենը նրանք օգտագործեցին և մեծ օգուտներ քաղեցին, ու արդեն այս տարի դարձան Ռուսաստանում ամենախոշոր ինտերնետ խանութներից մեկը: Պետք է տեսնել հնարավորությունը. այն բացասականը, որը նկատում եք, կարող եք փոխել դրականի, և այդպիսով անգամ օգուտներ քաղել, եթե, իհարկե, ժամանակին տեսնեք այն, որոշեք ու ճիշտ գործելակերպ ընտրեք:

Տեսանյութեր

Լրահոս