Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը լավ չէր կազմակերպված. ժողովուրդը դժգոհեց Հասմիկ Պողոսյանին
Հայ հասարակությունն իր վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Վաղ առավոտից մարդիկ Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ կանգնած՝ սպասում էին՝ ժողովրդական արտիստուհուն իրենց վերջին հրաժեշտը տալու համար:
Հոգեհանգստի արարողությունը նախատեսված էր սկսել կեսօրին՝ 12:00-ին: Մինչ ժամը 12:00-ը համերգասրահի մուտքի դռները փակ էին: Մարդկանց բազմությունը գնալով շատանում էր, դռները բացվեցին, և բոլորը միասին փորձեցին ներս մտնել:
Բոլորը հուզված էին այնքան, որ նույնիսկ նրանցից շատ-շատերն իրենց սիրելի երգչուհուն հրաժեշտ տալուց հետո չէին ցանկանում համերգասրահի նախասրահից դուրս գալ: Սրահում տեղուդադար չկար, խցանումներ էին առաջացել, որը շատերի դժգոհությունն էր առաջացրել, քանի որ չէին կարողանում սրահից դուրս գալ:
Հոգեհանգստի արարողության կազմակերպիչները և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձում էին շտկել ստեղծված իրավիճակը՝ մարդկանց խնդրելով արագ տեղաշարժվել և դուրս գալ սրահից: Այս խնդրանքը հարուցեց մի քանի կանանց զայրույթը: Այն փաստը, որ դահլիճում երկար մնալ չեն կարող, քանի որ իրենց հերթին դրսում սպասում էին դեռ մի քանի հարյուր քաղաքացիներ, և այն, որ տեղաշարժվելու համար միմյանց հրմշտում էին, ստիպեց, որպեսզի նրանք իրենց դժգոհության մասին հայտնեն ՀՀ մշակույթի նախարարին: «Լավ չեք կազմակերպել: Այսպես չեն կազմակերպում»,- բողոքում էին կանայք: Ի պատասխան կանանց բողոքին, Մշակույթի նախարարը միայն շնորհակալություն հայտնեց և խնդրեց արագ տեղաշարժվել:
Ստեղծված իրավիճակը խանգարում էր նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին: