Բաժիններ՝

«Հայաստանում Google-ի գրասենյակի բացումը տրամաբանական կլինի». Իլյա Սիդորով

«Armnet 2012» կոնֆերանսի կազմակերպիչների հրավերով այս օրերին Հայաստանում է գտնվում Google Russia-ի նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստանում տեղի ունեցավ «Բրենդներ և թվային տեխնոլոգիաներ» թեմայով կոնֆերանսը՝ նվիրված վեբ տեխնոլոգիաներին, բիզնեսի և ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում դրանց ներդրմանը:

168.am-ն՝ առիթն օգտագործելով, զրուցեց ռուսաստանյան Իլյա Սիդորովի հետ՝  Google Russia-ի և Հայաստանի հետ համագործակցության, տեխնոլոգիաների ոլորտում առաջնահերթությունների և ՏՏ ոլորտի զարգացման ուղղությունների մասին: Եվ ոչ միայն:

«Ցավոք, ես կոնկրետ չգիտեմ Google-ի ծրագրերի մասին, սակայն մենք Ռուսաստանում ներկայումս շատ արագ ենք զարգանում, իսկ երբ շուկաները մեծանում են՝ անխոս կարիք է լինում փորձել նոր շուկաներ մուտք գործելու, և Հայաստանն այս առումով, կարծում եմ, բավական խոստումնալից երկիր է, որովհետև այստեղ պայթյունային կերպով զարգանում և տարածվում է ինտերնետը, ինչը ոչ պակաս կարևոր է ցանկացած ՏՏ ոլորտի ընկերության համար, այդ թվում` Google-ի:

Բացի այդ, Հայաստանում տեխնիկական գծով շատ մասնագետներ, այդ թվում՝ ծրագրավորողներ կան, ինչը խոսում է այն մասին, որ այստեղի տեխնիկական ուղղությամբ բուհերը լավ կրթություն են տալիս, և, ես կարծում եմ, որ լիովին  տրամաբանական կլինի այս պահին Հայաստանում Google-ի գրասենյակ բացելը»,- մեզ հետ զրույցում ասաց Ի. Սիդորովը: Նրա խոսքով՝ թեև ինքը Հայաստանում գտնվում է առաջին անգամ, սակայն հնարավորություն է ունեցել ոչ միայն լսելու, այլև տեսնելու մի շարք ինտերնետային կայքեր, և համեմատելու դրանք այն ամենի հետ, ինչ ունեինք 3 և անգամ 1 տարի առաջ:

Կարդացեք նաև

Նշենք, որ մեր Իլյա Սիդորովը համահայկական վեբ մրցանակաբաշխության՝ «ArmNet Awards» վեբ մրցույթի ժյուրիի անդամ է, ուստի հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու մի քանի տասնյակ հայկական կայքեր:

«Այն, ինչ հիմա ունենք, եթե համեմատելու լինենք այն ամենի հետ, ինչ կար մի քանի տարի, նույնիսկ՝ մեկ տարի առաջ՝ բոլորովին տարբեր է: Հայաստանում ինտերնետի հետ կապված ես հաճելիորեն զարմացա՝ տեսնելով, թե ինչպես կարող է այդքան արագ փոխվել իրավիճակը երկրում: Խոսքը ոչ միայն կայքերին է վերաբերում, այլև ընդհանուր առմամբ ինտերնետին, դրա տարածվածությանը հասարակության շրջանում: Կարծում եմ, եթե աճի տեմպերը մնան այսպիսին, ապա արդեն մեկ տարի անց հնարավոր կլինի ինտերնետի զարգացածությամբ համեմատվել եվրոպական շուկաների հետ»,- ասաց Ի. Սիդորովը: Ըստ նրա՝ ինտերնետի զարգացածությունը սկսում է նախևառաջ ինտերնետի տարածվածությամբ և դրա կիրառմամբ, այնուհետև՝ ինտերնետ բովանդակության զարգացմամբ: Իսկ հետո դրանց հաջորդում է ինտերնետ կոմերցիան:

«Ներկայումս Ռուսաստանում բուռն կերպով զարգանում է ինտերնետային առևտուրը: Ռուսաստանում մի քանի տենդենցներ են նկատվում, դրանցից մեկը մոբիլ (Շարժական սարքերի միջոցով՝ սմարթֆոն, պլանշետային համակարգիչ.- Լ.Մ.) թրաֆիկի արագ զարգացումն է, իսկ մյուսն այն է, որ ինտերնետը զարգանում է մարզերում և հեռավոր շրջաններում (շատ դինամիկ զարգանում է ինտերնետի ներթափանցելիությունը), իսկ երրորդն այն է, որ շատ արագ զարգանում է ինտերնետ առևտուրը: Այսինքն՝ ներկայումս Ռուսաստանում շատ արագ աճում է ինտերնետ առևտրի շրջանառությունը»,- ասաց Ի. Սիդորովը՝ հավելելով, որ Հայաստանում ևս ինքը տեսնել է ինտերնետային առևտրի լավ օրինակներ և կարծում է, որ մեր հաջորդ քայլը պետք է լինի հենց այդ ուղղությամբ՝ զարգացնել ինտերնետ առևտուրը:

Google Russia-ի նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս