Բաժիններ՝

Կանխել են նաև ոստիկանությունում իրենց հարազատի ծեծը կամ ստորացումը, հարկադիր կատարողների ցինիկ անգործությունը…

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ներկայացրել  է 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման ամփոփ վիճակագրությունը:
«Դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհը կենտրոնանում է մարդու իրավունքների վեհ գաղափարի վրա, մենք ցանկանում ենք յուրովի տոնել այն և հայտնել, թե այս տարի Հայաստանում որ պետական մարմիններն են առավել հաճախ խախտել մարդու իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանությունն ունի շատ հարթություններ: Կարելի է դրանք ընկալել մեկ մարդու մեկ խնդրի տեսանկյունից: Կարելի է դրանք պատկերացնել նաև որպես հազարավոր մարդկանց համար արդարություն և ապահովություն ստեղծող համակարգային լուծումներ: Այս տարվա համակարգային խնդիրներին մենք առավել մանրամասն կանդրադառնանք 2013 թվականի մարտի 31-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցով: Իսկ այսօր մենք ցանկանում ենք հիշել և գնահատել մեր այն գիտակից, խիզախ ու օրինապաշտ քաղաքացիներին, ովքեր իրենց խնդիրները նախընտրել են լուծել իրավական ճանապարհով՝ օմբուդսմենի հետ պայքարելով տարբեր պետական մարմինների ապօրինությունների դեմ:
Մեր քաղաքացիներից ոմանք մեզ հետ պայքարել և ստացել են իրենց հասանելիք անվճար բուժօգնությունը, թոշակը կամ թաղման նպաստը, ստացել են կադաստրում պետական գրանցումը կամ քաղաքապետարանում իրենց օրինական շինարարության թույլտվությունը, լուծել են իրենց անձնագրի, այլ փաստաթղթերի կամ հաշվառման հարցը, վերականգնել են գազի, ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նրանք մեզ հետ միասին կանխել են մեկ ուրիշի ապօրինի շինարարությունը, աշխատանքից իրենց անարդար ազատումը, իրենց բնակարան ապօրինի ներխուժումը, ոստիկանությունում իրենց հարազատի ծեծը կամ ստորացումը, հարկադիր կատարողների ցինիկ անգործությունը: Նրանք մեր օգնությամբ թույլ չեն տվել, որ չինովնիկը զրկի իրենց սեփականությունից, հեռացնի բուհից, չտա զինվորական ծառայությունից հասանելիք տարկետումը կամ արձակումը:
Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այդ մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք ենք տվել: Դրանց ընթացք տալուց հետո պարզվել է, որ 820 մարդու բողոք հիմնավոր է, և այդ հիմնավոր դժգոհությունները հիմնականում վերաբերել են հետևյալ մարմիններին. ՀՀ ոստիկանություն (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (97 բողոք), ՀՀ արդարադատության նախարարություն (91 բողոք), ՀՀ պաշտպանության նախարարություն (68 բողոք), Երևանի քաղաքապետարան (52 բողոք):
Այն, որ քաղաքացիները ներկայացրել են հիմնավոր բողոքներ այս կամ այն պետական մարմնից, չի կարող լիարժեք բնորոշել այդ մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Այդ վերաբերմունքը լավագույնս արտահայտում է մեկ այլ վիճակագրություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի կայացրած ԽԱԽՏՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ վիճակագրությունը: Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է յուր ապօրինության մեջ: Սա է դրսևորում պետական մարմնի վերաբերմունքը և անարգանքը մարդու իրավունքների և օրինականության նկատմամբ:
Եվ այսպես, Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականին կայացրել է 31 խախտման որոշում.
ՀՀ դատախազություն -6
ՀՀ պաշտպանության նախարարություն- 6
ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարություն – 4
ՀՀ արդարադատության նախարարություն – 3
Երևանի քաղաքապետարան – 2
ՀՀ ԿԱ ոստիկանություն – 2
ՀՀ կրթության և գիտության նախարարություն – 1
ՀՀ արտաքին գործերի նախարարություն – 1
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե – 1
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն – 1
Մարդու իրավունքների պաշտպանը չունի պարտադրող լիազորություններ, այն խորհրդատվական մարմին է իշխանությունների, ընդդիմության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մարդկանց համար, բայց մարդու իրավունքների խախտման նրա որոշումները խարան են յուրաքանչյուր պետական մարմնի համար (կամ գոնե պետք է այդպիսին լինեն քաղաքակիրթ հասարակությունում)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս