Good luck, Russia
«Ես չեմ տեսնում դիվանագիտական որևէ առաջընթաց Ղարաբաղում, և ինձ թվում է, որ գործընթացն ավելի շատ հետընթաց է ապրում»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի» ավագ վերլուծաբան Ուեյն Մերրին: «Այս պարագայում խաղաղության հաստատման միակ պոտենցիալը տարածաշրջանային երկու ուժերի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունն է, որի արդյունքում կարող է լինել լուծում, որը հիմնված չի լինի միջնորդության վրա,- նշել է վերլուծաբանը,- Պատերազմը վատ կլինի բոլորի համար, բայց լուծումը պատերազմն է: Վերջին տարիներին ես այսպիսի վերաբերմունք տեսնում եմ երկու կողմերից էլ` և՛ հայերից, և՛ ադրբեջանցիներից:
Եթե սա է նրանց վերաբերմունքը, ուրեմն ժամանակն է, որպեսզի տարածաշրջանային գերտերությունները հյուսիսից և արևմուտքից վերցնեն պատասխանատվությունն իրենց վրա և կանխեն պատերազմը»: Իսկ հարցին` այդ դեպքում ի՞նչ է անելու ԱՄՆ-ը` պատերազմը կանխելու համար, Ու.Մերրին պատասխանել է. «Մենք չափից ավելին ենք արել, մենք չափից ավելի ակտիվ ենք եղել և սպասումներ ենք ստեղծել և՛ Երևանում, և՛ Բաքվում, թե ամերիկացիները լուծելու են այս խնդիրը:
Բայց ամերիկացիները չեն պատրաստվում լուծել այս խնդիրը, դուք պետք է լուծեք այն, բայց դուք չեք ուզում: Ես չեմ տեսնում որևէ հիմք, որի վրա ամերիկյան դիվանագիտությունը կարող է որևէ առաջընթաց ունենալ: Ժամանակն է, որ
ԱՄՆ-ը ձեռքերը լվանա Ղարաբաղից»: Այդ դեպքում կգա Ռուսաստա՞նը: Այս հարցադրմանն ի պատասխան` ամերիկացի վերլուծաբանն ասել է. «Ուրեմն հաջողություն եմ մաղթում նրան (անգլերեն` good luck,- խմբ.)»:
«168 ԺԱՄ»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում: