ՍԴ դիմելու փաստաթղթերն են հավաքում

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով դեկտեմբերի 2-ին մասնակցում էր թիվ 1 ընտրատարածքում անցկացված խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին, արդեն սկսել է աշխատանք տանել ՍԴ և մարդու իրավունքների Եվրոպական դատարաններ ուղարկվելիք դիմումների վրա:

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը որոշել էր լրացուցիչ ընտրությունների արդյունքները բողոքարկել՝ դրանց ոչ արդար անցկացման հետևանքով:

«Արդեն արվել են բազվաթիվ հարցումներ Երևանի քաղաքապետարանին, ՀՀ տրատնսպորտի և կապի նախարարությանը և պատասխանները ստանալուն պես դրանք ևս կներառվեն ուղարկվելիք դիմումում:

Որպես հավելյալ ապացույցներ՝ կկցվեն նաև ընտրությունների օրը մեր թիմի կողմից նկարահանված, լուսանկարված խախտումներ: Իհարկե, կա նաև որոշ երևույթների վերաբերյալ պաշտոնական պատասխանի կարիք, ինչին էլ մենք հիմա սպասում ենք»,- հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաղթել էր ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Իսկ ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուների արդյունքները հետևյալն էին՝ Պետրոսյան Էդուարդ Արտավազդի (ինքնառաջադրված)՝ 461 ձայն, Սարգսյան Ռոբերտ Գուրգենի (ՀՀԿ)՝ 18.805 ձայն, Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի («Ժառանգություն» կուսակցություն)՝ 3680 ձայն:

 

Տեսանյութեր

Լրահոս