Պայքարը հետխորհրդային տարածքի համար սրվում է
168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն մտադիր է հակազդել Ռուսաստանին` տնտեսական ինտեգրացիայի հնարքով Խորհրդային Միության նոր տարբերակ ստեղծելու փորձին, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Եթե ԱՄն պետքարտուղարը կարծիք է հայտնում Եվրասիական միության մասին, որի ստեղծումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն է և ով, ինչպես գիտենք, խորհրդային փլուզումը համարում է դարի մեծագույն աղետն ու փորձեր անում վերականգնել այն, ապա սա նշանակում է, որ պայքարը հետսովետական տարածքի համար սրվում է և խնդիրը պետք է դիտարկվի ԱՄՆ-Ռուսաստան հակազդեցության դաշտում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Վերջինս նշեց, որ Ռուսաստանը փաստորեն վիճարկում է «ԱՄՆ-ի գերտերություն լինելու հանգամանքը, իսկ ԱՄՆ-ն մերժում է բազմաբևեռ առաջակարգը և չի ցանկանում դրա շարքում տեսնել Ռուսաստանին»:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը նաև հայտարարել էր. «Մենք նկատում ենք որոշ քայլեր` տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ: Իհարկե այն հենց այդպես չի կոչվելու, այն կկոչվի Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ նման մի բան: Եկեք սխալներ չանենք։ Մենք գիտենք՝ ինչն է հանդիսանում դրա նպատակը, և կփորձենք գտնել արդյունավետ միջոցներ՝ այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու համար»:
Ս. Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մեխանիզմների կիրառման մասին է խոսքը. «Եթե ասվում է, որ կկիրառվի ամեն ինչ, միայն թե գործընթացը կանխվի, պետք է հասկանալ, որ ուրեմն՝ կկիրառվի ամեն ինչ: Այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ չի խուսափվում հայտարարել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև առճակատման մասին:
Մինչ այժմ ԱՄՆ-ն երբեք չէր ասել, որ Ռուսաստանի հետ, ըստ էության, առճակատման մեջ է: Եթե հիմա Քլինթոնը սրա մասին բացահայտ է խոսում, նշանակում է, որ Միացյալ նահանգները չեն բացառում առճակատումը»:
Հարցին էլ, թե այս հայտարարությունից հետո ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը, Սաֆարանը պատասխանեց.
«Մենք և մեզ նման երկրները կհայտնվեն ոչ նախանձելի վիճակում, որովհետև ստիպված կլինեն կ՛ամ խուսանավել կամ կրել կողմերից որևէ մեկի անբերահաճ վերաբերմունքից բխող բոլոր հետևանքները»: