Բաժիններ՝

Կձերբակալե՞ն Արթուր Մեհրաբյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը:

Ինչպես հայտնի է՝ Արթուր Մեհրաբյանն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երկու ամիս առաջ: Իսկ մինչ այդ նա Երևան քաղաքի վարչության Արաբկիր վարչական շրջանի բաժնի պետն էր:

168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններն են, որոնք, մեր տեղեկություններով՝ միտումնավոր կոծկվել են:

Պատճառներից մեկն էլ ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործին է առնչվում: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:

Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նոյեմբերի 29-ին երեք ոստիկաններ ենթարկվել էին խիստ նկատողության:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արաբկիր համայնքում տեղի ունեցած և չբացահայտված հանցագործությունները քննվում են Հատուկ քննչական վարչությունում, և Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանին որոշվել է հեռացնել այդ պաշտոնից այդ գործերում հայտնաբերված բազմաթիվ լուրջ «թերացումների» արդյունքում:

Այսօր արդեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է այս գործը լուրջ զարգացումներ ունենա՝ ընդհուպ՝ ձերբակալությունների մակարդակով:

168.am-ը փորձեց կապ հաստատել Արթուր Մեհրաբյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգին առաջին անգամ պատասխանեց մի տղամարդ՝ ասելով, որ նա զբաղված է, և կարող ենք նրա հետ խոսել 10 րոպեից:

Դրանից հետո այլևս Արթուր Մեհրաբյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նույնիսկ ժամեր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս