
«Այստեղ նստած ոչ մի անձի հանդեպ բողոք չունեմ». «Հարսնաքարի» գործով տուժող

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր տուժող Արկադի Աղաջանյանին հարցեր էր ուղղում նաև գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: «Կարո՞ղ եք մյուս տուժողներին նկարագրել ձեր ընկերներին գինովցած վիճակում»՝ հարցին, տուժող Արկադի Աղաջանյանը պատասխանեց. «Ագրեսիա չկա, նորմալ պահվածքով, հանգիստ պահվածքով»:
Նա նաև նշեց, որ ինքը նախկինում չի ճանաչել Դիանա Նավոյանին, չգիտի՝ Վահեն նրան նախկինում ճանաչե՞լ է, թե՞ ոչ:
Մարինե Թովմասյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք դեպքի օրը գրանցվե՞լ է որևէ արտառոց միջադեպ ռեստորանում, որի պատճառով ձեզ մի քանի մատուցող սպասարկեր: Ի պատասխան, Արկադի Աղաջանյանն ասաց, թե նման բան չի եղել: Հարցին էլ, թե ինչո՞ւ եք Վահեի հետևից դուրս եկել ռեստորանից, երբ մատուցողը նրան դուրս է հրավիրել, տուժողը պատասխանեց. «Որովհետև ագրեսիա էի տեսնում մատուցողի խոսքում»:
Արկադի Աղաջանյանը նշեց, որ միևնույն հարցին երկու անգամ չի պատասխանելու: «Շատ դժվար է այդ ամենը նորից վերապրել»,- պատճառաբանեց տուժողը:
Պատասխանելով պաշտպանի հարցին՝ Ա.Աղաջանյանն ասաց, որ իրեն Գարիկ Մարգարյանը չի հարվածել, չգիտի նաև, թե ում է նա հարվածել: Տուժողը նաև հավելեց, որ ամբաստանյալներից ոչ ոք իրեն չի հարվածել:
«Այստեղ նստած ոչ մի անձի հանդեպ բողոք չունեմ»,- ասաց տուժողը:
Նա նաև ասաց, որ ինքն է որոշել Վահե Ավետյանին տեղափոխել Մուրացան հիվանդանոց, քանի որ, ըստ նրա՝ որևէ այլ հիվանդանոցում Վահեին ավելի արագ օգնություն չէին կարող ցուցաբերել. «Ինձանից արագ ու օպերատիվ դա ոչ ոք չէր կարող անել: Ոստիկանություն չեմ զանգել, որովհետև այդ պահին իմ ընկերոջը օգնություն ցույց տալն ավելի կարևոր էր»,- ասաց նա:
«Գտա՞ք այն պատճառը, որը պատճառ դարձավ այս տխուր պատմությանը»՝ հարցին էլ՝ տուժողը պատասխանեց. «Մինչև հիմա ես իմ մեջ ման եմ գալիս էդ պատճառը»: