«Հայաստանին չեն ստիպի միանալ Եվրասիական միությանը». Ռիչարդ Կիրակոսյան

Հինգշաբթի օրը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հակազդել Ռուսաստանին` տնտեսական ինտեգրացիայի հնարքով Խորհրդային Միության նոր տարբերակ ստեղծելու փորձին: «Մենք նկատում ենք որոշ քայլեր` տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ»,- բրիտանական «The Financial Times» պարբերականի փոխանցմամբ նշել է Հ.Քլինթոնը:

Նա նաև հավելել է. «Իհարկե այն հենց այդպես չի կոչվելու, այն կկոչվի Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ նման մի բան: Բայց մենք գիտենք` որն է դրա նպատակը, և մենք փորձում ենք մշակել էֆեկտիվ միջոցներ` այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կասեցնելու  համար»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, ասաց. «ԱՄՆ պետքարտուղարը հստակեցրեց, որ ԱՄՆ-ն կհակազդի Մոսկվայի կողմից եկող բոլոր փորձերին` ճնշելու հետխորհրդային երկրները, կպաշտպանի այդ երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը: Թեպետ այդ մտադրության հետ կապված չհասկացվածության խնդիր կա, քանի որ սա նաև խնդիր է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև»:

Իսկ հարցին` արդյոք նման կոշտ հայտարարությունից հետո կարո՞ղ ենք այս երկու գործընթացները դիտարկել որպես փոխլրացնող, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Դեռևս շատ շուտ է ասել, բայց Եվրասիական միությունը չպետք է հակազդի Եվրոպական միության ինտեգրացիային: Կարծում եմ, որ Հայաստանին չեն ստիպի միանալ Եվրասիական միությանը, և Հայաստանի իշխանությունները հաջորդ տարի կավարտեն եվրոպացիների հետ Ազատ առևտրի մասին պայմանագիրը»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին այս հարցի կապակցությամբ ԱԺ-ում հայտարարել էր. «ԱՊՀ երկրների հետ Եվրասիական շրջանակներում և ԵՄ հետ ինտեգրացիոն գործընթացները չենք դիտարկում որպես իրար հակասող գործընթացներ, ընդհակառակը տեսնում ենք, որ փոխլրացնող են»:

Տեսանյութեր

Լրահոս