Սերժ Սարգսյանը վերակառուցում է անհանդուրժողականության պատը

«Բարգավաճ Հայաստան» և Հանրապետական կուսակցությունների միջև լարվածությունը սրվում է` արդեն կարծես անցնելով «փոխադարձ հանդուրժողականության» սահմանները: Անհանդուրժողականության պատը, որը Սերժ Սարգսյանը պաշտոնավարման սկզբում խոստանում էր քանդել, կարծես վերակառուցվում է`առնվազն ԲՀԿ-ի հետ հարաբերություններում:

Վերջին կաթիլը Գագիկ Ծառուկյանի երեկվա բրյուսելյան հայտարարությունն էր, որով ԲՀԿ նախագահը Հայաստանի իշխանություններին մեղադրեց կոռումպացված լինելու մեջ: Այսօր առավոտյան ՀՀԿ խոսնակ և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շտապել է հանդիպել լրագրողների հետ ու  հասցրել է պատասխան հարվածը ԲՀԿ-ին ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին: Շարմազանովը, սակայն, այնքան է ոգևորվել կամ մտահոգվել Գագիկ Ծառուկյանին պատասխանելու իր դերակատարությամբ, որ իր հայտարարություններով, մեղմ ասած, հարվածել է նաև ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես հայտարարել է.

«Մենք չենք ասում, որ Եվրոպայում, ըստ մեր եվրոպացի գործընկերների կարծիքների, ԲՀԿ-ին դիտարկում են՝ որպես արհեստական ուժ: Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն հասել է որոշակի հաջողության, կրկին՝ ըստ եվրոպացի պատգամավորների, պոպուլիստական քաղաքականության արդյունքում:

Մենք չենք ասում, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` ԲՀԿ-ի առաջնորդն ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության և առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ,- ասաց Շարմազանովը` շարունակելով,- ԲՀԿ-ն, էլի ըստ մեր եվրոպացի գործընկերների, ոչ թե իրականացնում է պայքար, որը հիմնված է գաղափարական հիմունքների կամ ծրագրերի հիման վրա, այլ ընդամենը՝ իշխանությունը զավթելու: Դա մենք չենք ասում, իրենք են ասում»:

Ինչո՞վ են Շարմազանովի այս հայտարարությունները հարվածում նրա սեփական կուսակցությանն ու առաջնորդին: Առաջին հերթին՝ նրանով, որ այդ «արհեստական» ուժը 2007 թվականից իշխող կոալիցիայի մաս էր կազմում, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ավելի քան չորս տարի շարունակեց մաս կազմել կոալիցիային ամբողջությամբ՝ Հանրապետական իշխանության դեպքում: Նույն Էդուարդ Շարմազանովն ու իր կուսակիցները մինչև օրս հիշատակում են 2011 թվականին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, ակնարկելով, որ այդ «արհեստական» ուժը պարտավորվել է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Բայց արհեստական ու պոպուլիստական ուժի հետ կոալիցիա կազմելն ու այդ ուժին կարևորագույն ոլորտներ վստահելն ամենամեծ ողբերգությունն ու հանցագործությունը չէ:

Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` «ԲՀԿ առաջնորդն ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության և առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ»: Իշխող կուսակցության խոսնակն ու օրենսդիր մարմնի փոխնախագահը «միջազգային քաղաքականության և առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ» ունեցող է որակում մեկին, ով այս պահին դեռևս զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնը, այսինքն` մեկն է 14 անդամներից, ովքեր որոշումներ են կայացնում Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը գրեթե հաղորդում է հանցագործության մասին: Քանի որ հանցագործություն է ազգային անվտանգության համար  կարևորագույն որոշումների  թեկուզ մեկ անդամի մասով կախվածության մեջ դնել նրանից, ով «ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության և առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ»:

Բայց ավելի մեծ խնդիր է այն, որ այդքանից հետո Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ ՀՀԿ-ն կարող է ընդունել ԲՀԿ-ի սատարումը:  «Մենք երբեք կամուրջները չենք այրում և գտնում ենք, որ ՀՀ-ում պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և երկխոսությամբ»,- պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ԲՀԿ-ի հետ կամուջներն այրված են, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես ՀՀԿ խոսնակը ԲՀԿ-ին կորակի՝ որպես գաղափարական, հզոր քաղաքական ուժ, Գագիկ Ծառուկյանին էլ` որպես միջազգային քաղաքականության գիտակ ու ընթացիկ քաղաքական զարգացումներին տիրապետող իմաստուն գործիչ, երբ ԲՀԿ-ն հանկարծ որոշի սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս