
Շաբաթվա վերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը

Ընթացիկ շաբաթավերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, կարելի է ասել, որ, ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ.-ի փետրվարի 18-ը:
Համաձայն Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի, ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձել է 2008թ.-ի ապրիլի 9-ին` 5 տարի ժամկետով:
Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրության օրվա մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր: