Գեներալ Սեյրան. Անողի հերը շուն դառնա. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մաշտոցի պողոտայի և Մարգարյան ծննդատան հարևանությամբ գտնվող Երկրորդ բուժմիավորման բժիշկները նորից «Ժամանակին» ահազանգում են, որ հիվանդանոցի ղեկավարությունն իրենց աշխատավարձերի մի մասը ետ է վերցնում: Նրանք ասում են, որ նախկինում իրենք պարզապես ստորագրում էին իրենց աշխատավարձերի ցուցակներում, բայց աշխատավարձը չէին ստանում:
Այժմ հիվանդանոցում քարտային համակարգ է ներդրված, և աշխատողների աշխատավարձերը փոխանցում են իրենց հաշվեհամարներին: Սակայն, նրանց խոսքերով, փոխանցելուց հետո հիվանդանոցի ղեկավարներն աշխատավարձի կեսը ետ են պահանջում: Այդ հիվանդանոցը պատկանում է ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանին:
Երեկ խորհրդարանում նա «Ժամանակի» հետ զրույցում նախ հերքեց, որ հիվանդանոցն իրեն է պատկանում, ասաց, թե դա իր բարեկամինն է: Իսկ երբ լսեց աշխատավարձերը ետ պահանջելու մասին հարցը, պատասխանեց.
«Ղալաթ են անում, բժշկի փողն ուտե՞լ կլինի: Լավ էլի: Մի հիմար մի բան է ասել: Արի գնանք էդ ասողի մոտ: Անողի հերը շուն դառնա»: Այդ դեպքում ինչո՞ւ են հիվանդանոցի բժիշկները ամիսներ շարունակ ահազանգում: Կարող է հիվանդանոցի ղեկավարներն են փողը պահանջում, բայց սեփականատեր գեներալին այդ մասին չեն ասում: «Բա էղա՞վ, ընձի ով կարա խաբի: Վիրավորում ես: Համ էլ ես այդքան մելըշնիկ մարդու նմա՞ն եմ: Բժշկի փողը ոնց կարելի է ուտել, բժիշկն աշխարհում ամենալավ մարդն է: Բժշկին փող պիտի տաս, ոչ թե վերցնես»,- ահա այսպես հերքեց գեներալ սեփականատերն իրեն պատկանող հիվանդանոցի աշխատողների աշխատավարձերը ետ պահանջելու մասին լուրերը»: