Բաժիններ՝

Բյուջեի կենացն այս անգամ չխմեցին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը երեկ մեկ մարդու նման խորհրդարանի դահլիճում էին` միահամուռ քվեարկելու բյուջեի նախագիծը: Բրյուսել «մեկնած» ԲՀԿ-ից նույնպես պատգամավորներ կային, իսկ ԲՀԿ-ական Կարամելի Հարութը` Հարություն Ղարագյոզյանը, իր սովորույթի համաձայն, էլի ձեռքը տարավ կողքի կոճակին և գրանցվեց «զա տավո պարնյա», և դա այն դեպքում, երբ այդ գրանցումից որևէ բան կախված չէր՝ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու:

Իր կողքինի կոճակն էր անվերջ սեղմում ՀՀԿ-ական Թոխմախի Մհեր Սեդրակյանը: Վերջինս նկատեց, որ լրագրողներն իրենց օթյակից ֆիքսել են փաստը, դրանից հետո համառորեն նայում էր լրագրողներին, իբր` բա՞ն եք ասում: Նիստի ընդմիջմանը նա ժխտեց ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը:

Նիստին, ինչպես միշտ, ուշացումով եկավ Շուշան Պետրոսյանը, բավականին էքստրավագանտ հագնված, և այդպես էլ չհասցրեց մասնակցել ճակատագրական քվեարկությանը: Մյուս ֆրակցիաները գրեթե ամբողջական կազմով էին. ՀԱԿ-ից, հիվանդության պատճառով,  բացակայում էր Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը. նա օրերս կոտրել է ոտքը:

Բյուջեն անցավ 71 կողմ, 37 դեմ ձայնով: Ոչ մի շնորհավորանք, գոնե բարձրաձայն, չհնչեց, կառավարության օթյակում թեթև ձեռքսեղմումներ եղան: Մի վայրկյան անց լեփ-լեցուն դահլիճը դատարկվեց: Հովիկ Աբրահամյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցեց իր սենյակ:

Նշեցի՞ն այնտեղ բյուջեի ընդունումը «ոխերիմ բարեկամները» մեկ թաս կոնյակով, չասվեց, սակայն ՀՀԿ-ն այլևս չունի նախկին էնտուզիազմը, որն առկա էր նախորդ տարիներին. Արմեն Խաչատրյանը մեծ ճաշկերույթ էր կազմակերպում, Արթուր Բաղդասարյանը` ֆուրշեթ, Տիգրան Թորոսյանի ժամանակ բոլորով շարվում էին Գալուստ Սահակյանի մեծ սեղանի շուրջ ու  առաջինը խմում բյուջեի կենացը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս