Սիլվա Հակոբյանի նոր երգը սրտաճմլիկ սիրո մասին չէ (լուսանկարներ)
2006թ. հայկական շոու-բիզնես մուտք գործեց երգչուհի Սիլվա Հակոբյանը: Նա քրոջ՝ Մանե Հակոբյանի հեղինակած «Գիշերը» երգով սկսեց շոու-բիզնեսում իր կարիերան: 2006թ. տարեվերջին, երբ հայկական երաժշտական ալիքն ամփոփում էր երաժշտական տարին, Սիլվա Հակոբյանին «Գիշերը» երգի համար շնորհեցին «Տարվա լավագույն կատարում» մրցանակը: Դա նրա առաջին մրցանակն էր, որին հաջորդեցին մի շարք երգեր, տեսահոլովակներ և մրցանակներ: Սիլվա Հակոբյանն օրերս է վերադարձել ԱՄՆ-ից:
– ԱՄՆ-ում գտնվելու պատճառները տարբեր էին, կմանրամասնե՞ս՝ ի՞նչ էիր անում այնտեղ:
– Ինձ հրավիրել էին մասնակցելու «Golden Star» ամենամյա մրցանակաբաշխությանը, որտեղ, ի դեպ, ճանաչվեցի «Տարվա լավագույն երգչուհի»: Բացի մրցանակաբաշխությունից, ԱՄՆ-ում էի իմ նոր տեսահոլովակը նկարահանելու համար:
– Ո՞ր երգի հիմքում ես տեսահոլովակը նկարահանել: Ինչո՞ւ հենց ԱՄՆ-ը ընտրեցիր տեսահոլովակդ նկարահանելու համար:
– Երգի հեղինակն ամերիկաբնակ, բայց ազգությամբ հայ «Two Guyz» խմբի տղաներն են: Համագործակցելու առաջարկը եղել է իրենց կողմից: Քանի որ երգը շատ մոտ է ամերիկյան ստանդարտներին և անգլերեն լեզվով է, ուստի որոշեցինք տեսահոլովակն էլ երգին համապատասխանեցնել, և որպես նկարահանման վայր ընտրեցինք Ամերիկան: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, նա էլ էր մեզ հետ մեկնել ԱՄՆ: Բավական մեծ թիմ է աշխատել մեզ հետ նկարահանման հրապարակում, բոլորն էլ հայեր էին: Ամեն բան շատ լավ անցավ, ինչի համար ամբողջ անձնակազմից շնորհակալ եմ:
– Ինչի՞ մասին է երգը:
– Երգը սիրո մասին է, բայց ոչ սրտաճմլիկ սիրո: Կարծում՝ եմ հայ հանդիսատեսը կսիրի այն: Շատ մարդիկ են արդեն լսել երգը թե՛ այնտեղ, թե՛ այստեղ՝ Հայաստանում: Մինչ օրս բոլոր լսողները հավանել են երգը, անգամ այն կարծիքին են, որ երգն արտասահմանցիներին ևս շատ դուր կգա: Նույնը կարող եմ ասել նաև տեսահոլովակի մասին, որովհետև համոզված եմ, որ շատ գունեղ, մոդեռն տեսահոլովակ է ստացվելու:
– Տեսահոլովակի անոնսն արդեն կա, այն եթերում կհայտնվի՞ մինչ Ամանոր:
– Քանի որ տեսահոլովակն այժմ գտնվում է մոնտաժման փուլում, մենք կոնկրետ ժամանակահատված չենք կարող նշել: Միգուցե մինչ Ամանոր, հնարավոր է նաև՝ Ամանորից հետո:
– Ցանկություն ունե՞ս մասնակցելու Եվրատեսիլին:
– Դեռևս նման ցանկություն չունեմ: Կարծում եմ, որ այդ մրցույթին պետք է մասնակցեն հոգեպես ուժեղ մարդիկ, նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել հուզմունքը և ներկայանալ բարձր մակարդակով: Ես դեռևս պատրաստ չեմ նման քայլի, բայց ամեն տարի մեր ներկայացուցիչների համար ուրախանում եմ, ցանկանում եմ, որ ամեն բան լավ լինի:
– Առհասարակ մրցույթներին ինչպե՞ս ես վերաբերվում: Ի՞նչ ես կարծում, ովքե՞ր կարող են մրցել, ունե՞նք մեր երկիրը ներկայացնող արժանի երգիչ–երգչուհիներ
– Լավ եմ վերաբերվում մրցույթներին, կարծում եմ, դրանց միջոցով մասնակիցները կոփվում են, փորձ, վստահություն են ձեռք բերում: Մենք նույնիսկ ավելի լավ արտիստներ ունենք, քան արտասահմանյան շոու-բիզնեսում: Ուղղակի շատ եմ ցավում, որ մեզ տրված չէ նրանց հնարավորությունները՝ հանդես գալու մեծ արենաներում, այդ պատճառով էլ մեր արտիստներին կարող են ճանաչում բերել միայն միջազգային մրցույթները:
– Մոտ ապագայում հանդիսատեսին ի՞նչ անակնկալներ ունես մատուցելու՝ թե՛ անձնականում, թե՛ գործնականում:
– Անձնականում դեռ նորություն չունեմ, բայց գործնականում բուռն ստեղծագործական աշխատանքների մեջ եմ: Իմ հետևում ունեմ մեծ թիմ, որի հետ միասին դեռ շատ անակնկալներ ունենք հանդիսատեսին մատուցելու: Խոստանում եմ, որ հանդիսատեսիս հուսախաբ չեմ անի: