Տիգրան Սարգսյանը ռուս լրագրողին պատմել է իր մանկության պատմությունները
Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե հայ-թուրքական հարցը և Ղարաբաղյան հիմնախնդիրը շաղկապված են, մինչդեռ իշխանությունները շարունակ պնդել են, թե դրանք որևէ կերպ չպետք է պայմանավորել միմյանց հետ:
Լրագրողներից մեկն այսօր ԱԺ-ում Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում փոփոխվե՞լ է:
«Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ ռուս ընթերցողն էդպիսի հեռուն գնացող մեկնաբանություններ չի անում, ինչպիսին մեր որոշ մեկնաբաններ, որոնք կոնտեքստից պոկում են այս կամ այն նախադասությունը և նրան տալիս են լուրջ քաղաքական ենթատեքստ: Դրա համար էլ Ձեզ համար էլ, բոլոր ներկաների համար էլ ասեմ, թե ինչ եմ ասել նրանց, երբ խոսքը գնում էր հայ-թուրքական հարաբերությունների մասին և իրենց հետաքրքրում էր իմ անձնական զգացումները, երբ մենք քննարկում էինք Թուրքիայի հետ առնչվող հարցեր:
Իմ պատասխանը եղել է հետևյալը, որ, այո’, ցանկացած, հայ ընտանիք ունի շատ զգայուն վերաբերմունք, չկա որևիցե ընտանիք, որը չի առնչվել Ցեղասպանության հետ, և իմ պապերը եղել են Էրզրումից, և իմ ամբողջ մանկությունը, ես հիշում եմ, թե մեր ընտանիքում ինչպիսի՞ քննարկումներ էին տեղի ունենում, որ ինչպե՞ս է իմ պապու բախտը բերել, Ցեղասպանությունից պրծել է, այն պարագայում, երբ կորցրել է իր ընտանիքի բոլոր անդամներին և իր աչքի առջև նա տեսել է, թե ինչպես են սպանում իր եղբայրներին, քույրերին, ծնողներին: Նա միակն է, որը փրկվել է: Եվ մեր ամբողջ մանկության ընթացքում մենք այս պատմություններն ենք լսել: Եվ չկա, իմ կարծիքով, որևիցե հայ ընտանիք, որը չունի առնչություն այդ ցեղասպանության հետ: Եվ այն, ինչ որ մենք տեսանք 88թ., ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչպիսի միջոցներ է օգտագործում Ադրբեջանը, Սումգայիթը, Բաքուն, ապա մենք տեսնում ենք, որ այդ նույն ձեռագիրն է աշխատում. ֆիզիկական ոչնչացում այն բանի համար, որ դու հայ ես: Այս սա է եղել իմ պատասխանը»: