Բաժիններ՝

«Դու հաստատ կապրես»

Գործիքավորող Հարութ Տեր-Հովակիմյանը, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանը, լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանը և մի խումբ բարերարներ հավատում են,  որ արյան քաղցկեղով տառապող փոքրիկ Նարեկը կապաքինվի:

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամլո սրահում տեղի ունեցավ «Դու հաստատ կապրես» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այն նվիրված էր քաղցկեղով հիվանդ երեխաներին և 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի կյանքի փրկությանը: Պրեմիերային ներկա էին  գործիքավորող Հարութ Տեր-Հովակիմյանը (Դեր Հովա), երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանը, լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանը:

168.am-ի հետ զրույցում Դեր Հովան ասաց, որ այս տեսահոլովակն իր առաջին բարեգործական նախաձեռնությունն է, որում ընդգրկվել է իր ընկերների առաջարկով: «Երբ ստացա առաջարկը՝ միանգամից համաձայնվեցի: Միասին, միահամուռ աշխատեցինք, իսկ Նարեկին տեսա տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Շատ աշխույժ, կենսուրախ տղա է: Հույս ունեմ, որ մեր նախաձեռնության շուրջ կհավաքվեն շատերը, և կկարողանանք փրկել երեխայի կյանքը»,- ասաց Դեր Հովան:

Լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանը, ներկայացնելով արված աշխատանքը, հույս հայտնեց, որ թե՛ լրատվամիջոցների, թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատ բարերարների միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխային արտերկրում բուժելու համար անհրաժեշտ 120-130 հազար եվրո գումարը: «Կարող է ձեզ մոտ հարց առաջանալ, թե ինչո՞ւ հենց Նարեկը: Բնական է, որ մենք բոլորին օգնել չենք կարողանա, բայց եթե մեկին էլ օգնենք՝ շատ մեծ բան կլինի»,- իր խոսքում նշեց լրագրողը:

Նշենք, որ 6-ամյա Նարեկն իր կյանքի ավելի քան 3 տարին անցկացրել է տարբեր հիվանդանոցների պատերի ներսում: Նա օրերս է վերադարձել Ռուսաստանից, ուր իր հայրիկի հետ մեկնել էր հերթական բուժզննման: «Բժիշկներն ասացին, որ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում կատարել: Դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Երեխան մի քանի անգամ քիմիա և ճառագայթային բուժում է ստացել, բայց հիվանդությունը կրկնվել է: Չգիտեմ՝ ինչո՞ւ է կրկնվել, բժիշկներն էլ չեն կարողանում բացատրել կրկնվելու պատճառը, բայց հիմա հարցը հասել է ոսկրածուծի պատվաստմանը: Դա մեր վերջին հույսն է: Մենք Նարեկին աշխատում ենք հեռու պահել բոլոր խոսակցություններից, որպեսզի չհասկանա՝ ի՞նչ է իր հետ կատարվում: Տանն իր համար ստեղծել ենք համապատասխան պայմաններ, որպեսզի քիչ բակ իջնի: Մեկ-մեկ անգամ նեղանում է և մեր հարցերին չի պատասխանում: Մենք նրան բացատրում ենք, որ վատառողջ է և դեռ չի կարող բակ իջնել: Ես չեմ կարող ու չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Մենք պայքարել ենք և մինչև վերջ պայքարելու ենք մեր երեխայի աջակցության համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկի հայրը՝ Արայիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ այս տարիների ընթացքում «Օգնենք», «Նվիրիր կյանք» և մի շարք այլ բարեգործական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, բարերարներ օգնել են Նարեկի ընտանիքին՝ բուժման ծախսերը հոգալու համար: Իսկ այսօր, ինչպես մեզ տեղեկացրեց Արայիկ Մարտիրոսյանը, Նարեկի հաշվեհամարին բավարար գումար չկա՝ բուժումը վերսկսելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս