«Ես պարզապես ապրում եմ երաժշտությամբ, այն ինձ ոգեշնչում է». Սուսաննա Պետրոսյան (լուսանկարներ)
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը «Հայ Սուպերսթար» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Այժմ Սուսաննան շարունակում է ստեղծագործել և իր հանդիսատեսի դատին ներկայացնել նոր երգեր ու տեսահոլովակներ:
– Սուսաննա, կպատմե՞ս՝ ինչի՞ց սկսվեց, այսպես ասած, երաժշտական կարիերադ:
– Երբ փոքր էի, մայրիկս ինձ համար միշտ երգում էր: Ես շատ էի սիրում իրեն լսել: 4 տարեկանից սկսեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում երգել, իսկ 6 տարեկանում ընդունվեցի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց` դաշնամուրային բաժին: Երգչուհու կարիերան էլ սկսվեց «Հայ Սուպերսթար» նախագծից:
– Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների ես հանդիպել:
– Այս տարիների ընթացքում շատ դժվարություններ են եղել: Դրանց շնորհիվ՝ որոշ հարցերի շուրջ սկսել եմ այլ կերպ մտածել: Կյանքի արժեքները փոխվել են, ես էլ փոխված կլինեմ (ժպտում .- Գ. Ա.):
– Ամենակարևոր ու նշանակալի հաջողությունդ ո՞րն էր:
– Կյանքիս ամենակարևոր հաջողությունն այն է, որ իմ ընտանիքում եմ ծնվել և հայ եմ: Իսկ ձեռքբերովի հաջողությունները շատ են: Չեմ կարող մեկը նշել: Կյանքիս յուրաքանչյուր փուլ իր հաջողությունն է ունեցել:
– Ո՞վ է Սուսաննա Պետրոսյանի հանդիսատեսը:
– Սուսաննա Պետրոսյանի հանդիսատեսն ամենաբարի և ամենալավ հանդիսատեսն է, այն մարդիկ են, ովքեր սիրում են իմ երգելաոճը (ժպտում է.- Գ. Ա.):
– Հայաստանում որպես լավ ու սիրված երգչուհի կայանալու գործընթացը դժվարի՞ն է:
– Հայաստանում երգչուհու ուղին շատ դժվար է: Կայանալու խնդիրը ճաշակի թելադրման մեջ է: Ես չեմ փորձում կայանալ: Ես ուղղակի ապրում եմ երաժշտությամբ, այն ինձ ոգեշնչում է:
– Դու նաև ստեղծագործում ես: Ինչո՞ւ մինչ այժմ քո հեղինակային երգերը չես կատարել:
– Երբ զգամ դրա պահանջը, միգուցե կատարեմ: Ինչ վերաբերում է համերգային գործունեությանս, ապա ակումբներում փոքրիկ համերգներ ունենում եմ, բայց դեռ մեծ համերգների մասին չեմ մտածում:
– Պրոդյուսեր չունես, պատճառն այն է, որ ի՞նքդ չես ցանկանում, թե՞ առաջարկներ չեն եղել:
– Առաջարկներ եղել են, բայց ես այդպես չեմ ցանկանում աշխատել:
– Ինչպիսի՞ հոգեվիճակում պետք է լինես, որ կարողանաս ստեղծագործել:
– Յուրաքանչյուր հոգեվիճակ ստեղծում է իրեն շատ նման երաժշտություն: Բոլոր իրավիճակներում էլ կարելի է ստեղծագործել, ուղղակի երգերն են փոխվում:
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:
– Հաջորդ տարվա սկզբին կաշխատեմ նոր երգս ներկայացնել: Բառերն ինքս եմ գրում, իսկ երաժշտության հեղինակն Արթուր Ալեքն է:
– Իսկ կա՞ մի կարգախոս, որով առաջնորդվում ես:
– Ոչ, չունեմ: Աշխատում եմ կյանքիս ամեն վայրկյանն անկեղծության և ջերմության մեջ ապրել: