«Առանց երաժշտության կյանքս չեմ պատկերացնում. նա իմ շունչն է». Եվա Սուջյան (լուսանկարներ)
Այսօր հայկական երգարվեստում մատների վրա կարելի է հաշվել այն երգիչ-երգչուհիներին, ովքեր որակյալ և ճիշտ ռոք երաժշտություն են մատուցում: Եվա Սուջյանն այն երգչուհիներից է, ով կարողանում է իր երաժշտությամբ հանդիսատեսին հուզել, միևնույն ժամանակ ոգեշնչել և դրական լիցքերով պարուրել:
– Եվա, հիշո՞ւմ ես՝ որ տարիքից սկսեցիր երաժշտությամբ տարվել:
– Ւմ ողջ գիտակցական կյանքում երաժշտությունը եղել է անբաժան ընկերս: Ես երաժշտությունը չեմ ընտրել, նա է ինձ ընտրել: Առանց երաժշտության կյանքս չեմ պատկերացնում. նա իմ շունչն է:
– Ռոք երգչուհի կայանալու ճանապարհին ովքե՞ր են եղել քո ուսուցիչները:
– Ես դեռ փոքր տարիքից լսում էի Led Zeppelin, Queen, Janis Joplin, Aretha Franklin… սա մի անվերջանալի ցուցակ է:
– Քանի՞ տարի է՝ ինչ գոյություն ունի «Alien Time» խումբը: Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:
– Արդեն 3 տարի է, ինչ խմբի հետ միասին աշխատում ենք: Երաժշտի համար ամենակարևոր բանը լսված լինելն է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ասելիք ունի: Մենք մեր սրտի խոսքը երաժշտության միջոցով ենք փոխանցում:
– Լինո՞ւմ են դեպքեր, երբ խմբի անդամներով ինչ-որ հարցի շուրջ վիճում եք և ընդհանուր եզրակացության չեք կարողանում գալ:
– Հինգ տարբեր բնավորության տեր մարդիկ միասին են աշխատում: Իհարկե, լինում են վիճաբանություններ, բայց մենք, ի վերջո, լուծումը գտնում ենք:
– Դուք հիմնականում ակումբներում եք հանդես գալիս և տեսահոլովակներին քիչ ուշադրություն եք դարձնում: Պատճառը ֆինա՞նսն է, թե՞ տեսահոլովակ նկարելու ցանկություն չկա:
– Ես բազմիցս ասել եմ, որ տեսահոլովակ նկարելու գերխնդիր չունեմ: Իհարկե, տեսահոլովակ նկարահանելու ցանկություն կա: Այսօր ոմանք տեսահոլովակ են նկարահանում, կարծում են, թե կայացան, բայց ապրում են մեռած երաժշտական կյանքով, երգում կամ նվագում են մինուսով: Դա ինձ համար աբսուրդ է: Երաժշտությունը պետք է լինի կենդանի և փոխանցի կենդանություն, այլ ոչ թե անհասկանալի ինչ-որ բան (ժպտում է.- Գ. Ա.):
– Վերջերս հանդես եկաք բարեգործական համերգով, նման բաներ առաջիկայում սպասվո՞ւմ են:
– Յուրաքանչյուր մարդ պետք է բարի գործ անի, ի վերջո, ինչի՞ համար ենք ապրում: Եթե կրկին մեր օգնության կարիքը լինի, մեծ սիրով կկազմակերպենք:
– Ձեր եղբոր` Գոռ Սուջյանի հետ սպասվո՞ւմ են հեղինակային կատարումներ:
– Ես անչափ շատ եմ սիրում Գոռի հետ երգել: Մենք շատ տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ՝ լրացնում ենք իրար: Գուցե ապագայում ես և եղբայրս հեղինակային երգ ունենանք:
– Ինչպիսի՞ն ես բեմում, և ինչպիսի՞ն ես իրական կյանքում:
– Միայն կարող եմ ասել, որ թե՛ բեմում, և թե՛ իրական կյանքում ես անկեղծ եմ ու բնական:
– Կարողանո՞ւմ ես համատեղել երաժշտական կարիերան և ընտանիքը:
– Այո, կարողանում եմ: Ընտանիքը հենց այն ուժն է, որն օգնում է ինձ: Ամուսինս մշտապես քաջալերում և ոգեշնչում է ինձ:
– Ի՞նչն է օգնում քեզ լիցքաթափվել:
– Լիցքաթափվել և հանգստանալ սիրում եմ բնության գրկում, մաքուր օդին, լռության մեջ:
– Իսկ կարդալ սիրո՞ւմ ես: Վերջին կարդացածդ գիրքը կհիշե՞ս:
– Իհա՛րկե սիրում եմ: Վերջին կարդացածս գիրքը Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումերն» է (Patrick Süskind, «Perfume»):