ՀՀԿ-ից ստացել է մի շատ կարևոր հանձնարարական

Այս օրերին ՀՀ մարզերի ղեկավարները «կամաց-կամաց» պատրաստվում են նախագահական ընտրություններին` իրականացնելով, ինչպես իրենք են ասում` մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների շարքում հատկապես տարածված է հանդիպումը տեղի կրթօջախների աշխատակիցների հետ: Զավեշտալին այն է, որ մարզերում կան ուսուցիչներ, ովքեր երկու կուսակցական վկայական ունեն: Սակայն ընտրություններից առաջ նրանք գրեթե միշտ ընտրում են Հանրապետական մեծամասնությանը: Ինչևէ, երեկ փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանից:

– Արդեն սկսե՞լ եք իրականացնել նախընտրական միջոցառումներ:

– Մեզ մոտ նախընտրական որևէ միջոցառում չենք անում, որովհետև նախընտրական շրջանը դեռ չի սկսվել: Մենք զբաղվում ենք մեր գործառույթներով, մեր աշխատանքներով:

– Այսինքն` դեռ կրթօջախների աշխատակիցների հետ հանդիպումներ չե՞ք կազմակերպել, նրանց ցուցումներ չե՞ք տվել:

Կարդացեք նաև

– Մեր մարզում նման ցուցումներ որևէ մեկին չենք տվել:

– Այդ դեպքում ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում:

– Մենք զբաղվում ենք մեր գործառույթներով: Մարզպետարանն իրականացնում է իր աշխատանքները: Խոսքը դրա մասին է:

– Եթե «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու առաջադրի` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպե՞ս կգնահատեք նրա հնարավորությունները Լոռու մարզում:

– Ես որևէ թեկնածուի չեմ ուզում թերագնահատել, համենայն դեպս, չեմ էլ ուզում ժամանակից շուռ առաջ ընկնել: Մի քանի օր համբերեք, և ամեն ինչ կհստակեցվի` այդ թվում` նաև քաղաքական դաշտը: Այդ ժամանակ ես Ձեր բոլոր հարցերին մանրամասն կպատասխանեմ:

– Դա ենթադրո՞ւմ է, որ Դուք վստահ չեք, որ Գ. Ծառուկյանն առաջադրվելու է:

– Ես որևէ թեկնածուի առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցում չեմ կարող պատասխան տալ:

– Որպես մարզի ղեկավար` չգիտե՞ք, թե, օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» ինչ հնարավորություններ ունի Ձեր ղեկավարած մարզում:

– Սա խորհրդարանական ընտրություն չի, որ ես քաղաքական իմ գնահատականը տամ քաղաքական որևէ ուժի: Սրանք նախագահական ընտրություններն են, որտեղ դաշտը դեռ հստակ չի, և թեկնածուներն էլ` առավել ևս:

– Ձեր մյուս գործընկեր-մարզպետները մեզ հետ զրույցում նշել էին, թե խորհրդարանական ընտրություններն ակնհայտ պատկեր են ստեղծում նաև նախագահական ընտրությունների համար: Համամի՞տ եք:

– Ինչ-որ տեղ` այո, իհարկե, որովհետև Հանրապետական կուսակցությունը մոտ 52 % ձայն է հավաքել խորհրդարանական ընտրություններում: Ինձ թվում է` սա պետք է շատ բան հուշի:

– Բայց Դուք նշել էիք, թե դրանք տարբե՞ր են:

– Իհարկե, տարբեր ընտրություններ են, և ես համոզված եմ, որ մեր թեկնածուն` երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, էլ ավելի շատ ձայներ կունենա, քան 52%-ն է, որովհետև Հանրապետականին միանալու են նաև այլ քաղաքական ուժեր:

– Այսինքն` հնարավոր համարո՞ւմ եք, որ Լոռու մարզում կարող է կրկնվել Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի նախադեպը, որտեղ ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց ՀՀԿ թեկնածուին սատարելու մասին:

– Լոռու մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ` որպես համայնքի ղեկավար, ընդամենը մեկն է` Արևածագ համայնքի ղեկավարը: Այն շատ փոքր համայնք է, և էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

– Իսկ ովքե՞ր են Ձեր նշած քաղաքական ուժերը, որոնք սատարելու են ՀՀԿ-ին:

– Քաղաքական ուժերից կարող եմ առանձնացնել, օրինակ, «Օրինաց երկիրը», և եթե նախորդ ընտրությունների հետ համեմատենք, բնականաբար, կտեսնենք, որ թիվը կավելանա: Իսկ նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցության և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակությունը, ռեյտինգը շատ բարձր մակարդակի վրա է:

– Ընտրություններին ընդառաջ` ՀՀԿ-ից արդեն ստացե՞լ եք ցուցում:

– Հանրապետական կուսակցությունից ընդամենը ստացել ենք մի շատ կարևոր հանձնարարական, որը վերաբերում է մեր առաջիկա համագումարին, մենք շրջանային կազմակերպություններում արդեն անցկացրել ենք մեր նիստերը, իսկ դեկտեմբերի 15-ին մեր պատվիրակության կազմով գնալու ենք մասնակցենք արտահերթ համագումարին:

– Այսինքն` համախմբմա՞ն նիստ եք անցկացրել:

– Հանրապետական կուսակցության սկզբնական կազմակերպությունները պարբերաբար նիստեր են անցկացնում, և ըստ նիստերի օրակարգի հարցերի` նիստը վարվում է, այդ թվում` նաև ՀՀԿ մարզային կառույցն է նիստեր անցկացնում, այդ թվում նաև` շրջանայինները, էնպես որ, սա մեր կուսակցական ընթացիկ աշխատանքներն են:

Տեսանյութեր

Լրահոս