Բալասանյանի նոր բիզնեսները` Վրաստանում. մամուլ
«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայրաքաղաքային տնտեսությունն ու Վարդան Ղուկասյանին «կարգի բերելուն» զուգընթաց, լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում նաև հարևան Վրաստանում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Վրաստանի իրավական համակարգի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերությունները նրան հնարավորություն են տվել «ծավալվել» նաև Վրաստանով մեկ. Ջավախքում հիմնադրած գարեջրի գործարանին զուգահեռ` նա փորձում է Նինոցմինդայի կողմերում ձկնաբուծական տնտեսություն ստեղծել, ինչպես նաև հայ-վրացական բրենդային ուտեստների ռեստորանային համալիր կառուցել:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` վերջերս նա մեկնել էր Վրաստան, ուսումնասիրել իրեն հատկացվելիք տարածքները և վերադարձել: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` հարցրինք նրա մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին: «Պարոն Բալասանյանի կողմից Վրաստանում տարածքներ ու բիզնեսներ ունենալու մասին ունեցած Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Ջավախքի գարեջրի գործարանին, ապա տեղում գործարանի կառուցման գործում պարոն Բալասանյանն իսկապես ունի իր մասնակցությունը, քանզի իր միջնորդությամբ ու խնդրանքով է, որ ամերիկյան ներդրողը համաձայնել է հայաթափվող Ջավախքում գործարան կառուցել և աշխատատեղեր ստեղծել տեղում»»: