Քաշքշոցներ` Սաշիկ Սարգսյանի որդու և Խաչատուր Սուքիասյանի եղբոր միջև
168.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ին, երեկոյան «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ ընդհարում է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդու և գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Էդուարդի միջև:
Ըստ տեղեկությունների` Ալեքսանդր Սարգսյանի որդին, ով շրջապատված է եղել թիկնապահներով, խանգարել է մարդկանց անդորրը և հայհոյանքներ է տեղացել, այնուհետև օդ է կրակել և դեռևս անհայտ պատճառով քաշքշոց է սկսվել նրա և Էդուարդ Սուքիասյանի միջև:
Ըստ ականատեսների` Ալեքսանդր Սարգսյանի որդու տարօրինակ պահվածքը ներկաներին հիմք է տվել մտածելու, որ նա թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ է: Նույն աղբյուրների համաձայն` նաև Է. Սուքիասյանն է ոգելից խմիչք օգտագործած եղել:
Ոստիկանությունն այս միջադեպի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել իր կայքէջում: Հայտնի է, որ ոստիկանությունը չի միջամտել քաշքշոցին: Ի դեպ, ըստ հավաստի աղբյուրների` ոստիկանությունը որևէ բողոք տեղի ունեցածի մասին Սուքիասյանների կողմից չի ստացել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին էլ ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում էր եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: