Բետիսի ֆուտբոլիստները մեղավոր չեն, որ մրցավարը չհաշվեց Բենզեմայի խփած գոլը. Մոուրինյո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բետիսից» կրած պարտության (0:1) մասին:
«Մենք խոսում ենք թոփ-պրոֆեսիոնալների մասին: Նրանք շատ հոգնած են, սակայն դրանով հանդերձ պետք է այլ որակներ ցուցադրեն, օրինակ` կամքի ուժ: Երբ տեսնում եմ, թե ինչպես է 34-ամյա Շտեպանեկը Դևիսի գավաթի եզրափակիչում 3 օրում 3 խաղի մասնակցել և ամեն մի գնդակի հետևից վազում է, որպեսզի հաղթանակ պարգևի իր երկրին, ես ենթադրում եմ, որ 23, 24, 26 տարեկան ֆուտբոլիստները կարող են լավ խաղալ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Սպորտը միայն ոտքեր չեն, այն նաև սիրտ է: Եթե դուք մեծ ցանկություն ունեք, դուք կհասնեք հաջողության:
Եթե դուք ասում եք, որ մենք լավ սկսեցինք խաղը, ապա ճիշտ եք: Այո, իսկապես խաղասկզբում ավելի լավ խաղացինք, քան խաղի հետագա ընթացքում: Բայց երբ իմ թիմը պարտվում է, ես արդարացումներ չեմ փնտրում:
Շնորհավորում եմ «Բետիսի» ֆուտբոլիստներին, ովքեր առաջին րոպեներից մինչև վերջ տրվեցին խաղին: Նրանք մեղավոր չեն, որ մրցավարը չհաշվեց Բենզեմայի խփած գոլը, կամ որ հանդիպման վերջին րոպեներին չնշանակեց մաքուր 11-մետրանոցը: «Բետիսն» ավելի լավ խաղաց, քան «Ռեալը»: Նրանք արժանի են այս հաղթանակին, թեև մրցավարի սխալները նրանց օգտին էին:
Նախորդ մրցաշրջանի մարտին մենք 10 միավորի առավելություն ունեինք, սակայն դրանից հետո մի քանի անգամ ոչ-ոքի խաղացինք, և չեմպիոնի հարցը կրկին բացվեց: Հնարավոր է, որ արդեն վաղը մենք «Բարսելոնային» կզիջենք 11 միավոր: Դա 3, կամ 4 չէ, ուստի հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը