Նախարարը սպառնում էր փախչել. Ժողովուրդ
«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զարմացնել իր «ինքնատիպ» պահվածքով: Երեկ` «Սերմերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ պատգամավորները նախարարին «տհաճ» հարցեր են տվել, վերջինս սպառնացել է լքել դահլիճը:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Աժ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, վկայակոչելով հարյուրավոր գյուղատնտեսների դժգոհությունները կառավարության հատկացրած ցորենի սերմացուի վերաբերյալ, ասել է, որ սա ոչ թե աջակցություն էր գյուղացուն, այլ` ոմանց համար բիզնես:
Ս. Կարապետյանը հակադարձել է, թե սա ոչ թե բիզնես է, այլ` պետական լուրջ ծրագիր: Հետո, տեսնելով որ քննարկման թեման միայն ցորենի չհաջողված սերմացուն է, նախարարը սպառնացել է ցորենի սերմի մասին խոսակցությունը շարունակելու դեպքում այլևս չպատասխանել հարցերին ու հեռանալ Աժ-ից: «Չեք ուզում մասնակցել, Ձեր խնդիրն է, բայց ցորենի հարցն անմիջական կապ ունի այս թեմայի հետ»,-նախարարին «տեղն է դրել» նիստը վարող Մ. Գրիգորյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: