Արդյո՞ք հայ աստղերը գնում են Youtube-ի «լայքերը»
Մեկ տարի առաջ, երբ համացանցը սկսեց օգտագործվել որպես տեսահոլովակները ներկայացնելու, երկրպագուների հետ շփվելու միջոց, շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ այնտեղ բացեցին իրենց անհատական, պաշտոնական էջերը: Առաջին երգիչը, ով իր պաշտոնական էջը բացեց Youtube-ում, Արմենչիկն էր: Ապրելով և աշխատելով արտերկրում, երգիչը քաջատեղյակ էր համացանցի հնարավորություններին և առավելություններին: Հաջորդը Սիրուշոյի հերթն էր, ապա՝ Լիլիթ Հովհաննիսյանինը: Այսօր հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ ունեն իրենց անհատական էջերը: Այլ հարց է, թե ովքեր են այդ էջեր մուտք գործում և որքան դիտում են ապահովում: Վերջին շրջանում համացանցյան հասարակությունը բուռն քննարկում էր Youtube-ում ներբեռնված տեսահոլովակների հավաքած like-երի և dislike-երի քանակը, բազմաթիվ մրցույթներին մասնակցած արտիստների՝ like-երի միջոցով գրաված հորիզոնականները: Կարծիք կար, որ այդ հավանումները գնված են: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 100 like-ն արժեր մոտ 1000 ԱՄՆ դոլար: 168.am-ը զրուցեց համացանցից, հայկական շոու-բիզնեսից լավատեղյակ և ակտիվ գործունեություն ծավալող պրոդյուսերներից մեկի ՝Գայանե Մաշուրյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում հերքեց այն փաստը, թե Youtube-յան հավանումները (like-երը) կարող են գնված լինել: Գայանե Մաշուրյանի խոսքով, ներբեռնված տեսահոլովակները, դրանց նկատմամբ հասարակության հետաքրքրությունը, պաշտոնական կամ ոչ պաշտոնական տարբերակների ներբեռնումը հսկվում է արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների կողմից: «Եթե երգչի կամ երգչուհու տեսահոլովակը հավաքում է 2 մլն դիտում, դա հնարավորություն է տալիս արտիստին գումար վաստակել նաև համացանցի միջոցով: Այսինքն, տեսահոլովակը յուրաքանչյուր անգամ դիտելիս, երգչին, ըստ համապատասխան կազմակերպությունների հետ կնքած պայմանագրի, տրվում է որոշակի գումար: Այսինքն՝ արտիստը սկսում է գումար վաստակել նաև Youtube-ի իր պաշտոնական էջի դիտումների հաշվին»,- ասաց պրոդյուսերը: Նշենք, որ մեկ տեսահոլովակը մեկ օրվա ընթացքում մեկ համակարգչից կարող է գրանցել միայն 2-3 դիտում: Մնացյալ մուտքերը, որպես քվե, չեն հաշվվում, ուստի բացառվում է արտիստների կողմից սեփական հոլովակների օգտին բազմակի անգամ քվեարկելու հնարավորությունը:
Նշենք նաև, որ ըստ 168.am-ի տեղեկությունների՝ հայկական շոու-բիզնեսում կան արտիստներ, ովքեր միջազգային կազմակերպությունների հետ արդեն ունեն կնքած նման պայմանագրեր: Արտիստներից մեկն էլ Լիլիթ Հովհաննիսյանն է, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, կնքել է պայմանագիր՝ իր «Թու-թու-թու» երգի Youtub-ում գրանցած դիտումների շնորհիվ: