Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու
«Մի քանի րոպե անց ես կմեկնեմ Բաքու` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ընդհանուր ասամբլեային»,- քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ Բաքվում խորհրդաժողովին մասնակցելու հրավերը ստացել է Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցի նախօրեին, և «Ժառանգությունն» այդ հրավերին «պատասխանել է իր սկզբունքային դիրքորոշմամբ, որ այն երկիրը, որն ազատ է արձակում և հերոսացնում է տմարդի, վախկոտ մարդասպանին, արժանի չէ որևէ միջազգային ուշադրության, և «Ժառանգությունը» մտադիր չէ մասնակցել»:
«Դրանից հետո կազմակերպիչները, կապի մեջ լինելով «Ժառանգության» հետ, ապահովեցին իմ ելույթի ազատ և հավասար հնարավորությունը, և ես, դիտարկելով այդ նոր պայմանները և այն, որ լիագումար 4-րդ նիստում` նոյեմբերի 23-ի առավոտյան, ինձ առաջարկվեց ելույթ ունենալ և իմ պատգամը բերել հրապարակ` հանրային լսարանի առաջ, որոշեցի ընդունել այդ հրավերը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: