«ԲՀԿ կառույցի որոշումը չի նպաստում համախմբման ոգուն». Լ. Զուրաբյան

Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանն օրերս հայտարարեց, որ ԲՀԿ Գյումրիի կառույցը ԱԺ թիվ 35 մեծամասնական ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, այսօր մամուլի ասուլիսում մեկնաբանելով այս տեղեկությունը, ասաց.

«Մենք լսել ենք մամուլից ԲՀԿ-ի բացատրություններն առ այն, որ դա տեղական կառույցի որոշումն է: Երկրորդը` մենք մեր տեղական կառույցի միջոցով գիտենք, որ այնտեղ կան ԲՀԿ-ի երեք կառույցներ, որոնցից մեկն է նման որոշում ընդունել: Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ նման որոշումը չի նպաստում համախմբման այն ոգուն, որը ստեղծվել էր վերջին օրերին»:

Հաշվի առնելով այն փաստը, որ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին հայտնեց ՀՀ նախագահի նստավայր այցելելուց հետո, և հետագայում նախագահ Սարգսյանն էլ հաստատեց, որ ինքն է ԲՀԿ անդամ Ս.Բալասանյանին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, հավատո՞ւմ եք, որ ՀՀԿ թեկնածուին պաշտպանելու որոշումը Բալասանյանն ինքնուրույն է կայացրել:

168.am-ի այս հարցադրմանը Զուրաբյանը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ նման մեկնաբանություններ անելն իմ գործառույթների մեջ է մտնում: Ես կբավարարվեմ այն պատասխանով, որ տվեցի նախորդ հարցին»:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է նաև Գյումրիի ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:

Հարցին` Լ.Զուրաբյանը որքա՞ն է գնահատում Մ.Գրիգորյանի հնարավորություններն այդ ընտրություններում, ՀԱԿ համակարգողը պատասխանեց, որ, եթե լինեին նորմալ ընտրություններ, ինքը շատ բարձր կգնահատեր ՀԱԿ-ի թեկնածուի հաղթանակի հնարավորությունները, քանի որ, ըստ նրա, Մ.Գրիգորյանը մեծ ժողովրդականություն ունեցող թեկնածու է և այդ հողի զավակ է:

«Հանրապետական թեկնածուին ընդունում են՝ որպես օտարի, և ՀՀԿ-ն հույսը կարող է դնել միայն բազմակի քվեարկության մեխանիզմի կիրառման և զանգվածային ընտրակաշառքի բաժանման վրա: Եթե դա անելու են, իսկ ես վստահ եմ, որ անելու են, պետք է կարողանանք ապահովել ժողովրդական աջակցության այնպիսի առավելություն, որ կարողանանք հաղթահարել անգամ ընտրակեղծիքների կիրառվող ծավալը: Բնականաբար, նման խաղում ոչ ոք չի կարող վստահ խոսել հաղթանակի մասին: Ես մի անգամ ասել եմ, նորից եմ ասում. մենք խաղում ենք «շուլերների» հետ: Խաղում ենք մարդկանց հետ, ովքեր խաղի կանոններ չեն ճանաչում: Նման մարդկանց հետ մրցել այս համակարգում շատ դժվար է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` մտավախություն չունե՞ք, որ մի օր կհասկանաք` ԲՀԿ-ում էլ եք «շուլերների» հետ խաղացել` փորձելով նրա հետ համագործակցության եզրեր գտնել:

«Այն համագործակցությունը, որն արդեն ծավալվում է, ինչ-որ հույսեր ներշնչում է: Այստեղ ոչ թե պետք է հավատալ ինչ-որ խոսքերի կամ հավատ ընծայել քաղաքական ուժերի նկատմամբ. դա բացարձակապես անիմաստ բան է քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, և մենք տեսնում ենք, որ այս ռեժիմից ազատվելու շահ քաղաքական այդ ուժը և այլ ուժեր ունեն: Այլ է հարցը, թե ինչքանո՞վ կարող են նրանք ազատվել այն կաշկանդվածություններից, որոնց ենթակա են: Թե ի՞նչ կլինի վերջում, ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ: Փորձում ենք անել այն, ինչ պահանջում է մեզնից ժողովուրդը: Կստացվի՞ միասնաբար անել դա, լավ է, չի՞ ստացվի՝ կշարունակենք անել մեր ուժերով»,- պատասխանեց Լ. Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս