Օզբիլիսն ու Պիզելլին մասնակցեցին Մորդովիայի ջախջախմանը (տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Կուբանը» մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց «Մորդովիային» և վաստակած 28 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելլին «Կուբանի» մեկնարկային կազմում էին:
Առաջին խաղակեսից հետո կրասնոդարցիներն առջևում էին 2:0 հաշվով. հանդիպման 18-րդ րոպեին Ստեպանեցը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 29-րդ րոպեին աչքի ընկավ Բալդեն:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Կուբանը» խփեց նաև 3-րդ գոլը (49′), այս անգամ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով ինքն իր համար նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց ու գերազանց իրացրեց այն` ընթացիկ առաջնությունում խփելով 6-րդ գոլը:
Սակայն գոլից մի քանի րոպե հետ մեր կիսապաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Տանտերերը ոչ մի կերպ չէին կարողանում չեզոքացնել Արազին և հաճախ նրան կանգնեցնում էին կանոնների խախտման գնով: Առաջին խաղակեսի վերջնամասում միայն «Կուբանի» բժիշկների միջամտությունից հետո Արազը վերադարձավ խաղադաշտ, իսկ գոլից 6 րոպե անց բժիշկները կրկին ստիպված էին օգնություն ցույց տալ Օզբիլիսին, սակայն այս անգամ Յուրի Կրասնոժանը որոշեց ռիսկի չդիմել և Օզբիլիսի փոխարեն խաղադաշտ մտցրեց Դավիդ Ցորաևին:
Նշենք, որ 74-րդ րոպեին Մարկոս Պիզելլիի փոխարեն խաղադաշտ մտավ Իվելին Պոպովը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը