Վանո Սիրադեղյան. «Կերեք ձեր խոտը, բայց … մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա կապակցությամբ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, ով, Սիրադեղյանի վերադարձին աջակցելու նպատակով ստեղծված «Ելք» համացանցային շարժման ղեկավար Վարդուհի Սիմոնյանի խոսքերով` «այն եզակի արտիստներից մեկն է, ով բոլոր ժամանակներում չտրվեց որևէ անազնիվ, քաղաքական, սերիալային և այլ հովերին», շնորհավորելով Վ.Սիրադեղյանին, ընթերցեց Սիրադեղյանի հրապարակախոսական հոդվածներից մեկը, որը, դերասանուհու խոսքերով, կհիշեցնի մարդու հոգու, մարդու տեսակի մասին: «Այս գրողի, արձակագրի, հայ մարդու էությունը ստիպեց, որ մասնակցեմ այս ստորագրահավաքին: Ուղղակի անառողջ կլիներ, եթե մտածող հայը չարձագանքեր այս կանչին, չկամենար, որ մշակութային այսպիսի գործիչը, այս որակի հայն ապրի իր ժողովրդի մեջ»,- ասաց նա:

Ներկայացնում ենք Վ.Սիրադեղյանի հրապարակախոսությունից այն հատվածը, որն ընթերցեց Կ. Ջանջուղազյանը:

«Մարկեսն ասում է. «Բազմացեք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետևեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացե՛ք ու բազմացե՛ք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արևելյան քաղաքների բազարներում և հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետև ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացեք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ո՛չ պատասխանատվություն է պետք, ո՛չ հոդաբաշխ լեզու, ոչ առավել ևս՝ ուղեղ, որովհետև ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «բա որ մեզ մորթել են», «բա որ մեզ մորթում են», «բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ և կախգլուխ արածելով՝ գնացեք մինչև ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետև ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները և մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետև եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետև ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի և, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։ Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչև տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք` ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս