Բաժիններ՝

Վարդան Մինասյան. Սարգիս Հովսեփյանը լեգենդար մարդ է

Վաղը կայանալիք Հայաստան – Լիտվա ընկերական հանդիպման նախօրեին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում պետք է տեղի ունենար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը: Սակայն Սարգիս Հովսեփյանը չէր ներկայացել ասուլիսին: ՀՖՖ մամուլի ծառայության աշխատակցի խոսքերով, մեր հավաքականի ավագը «որքան լեգենդար է, այնքան` ամաչկոտ»:

Հայաստան – Լիտվա հանդիպման ընդմիջմանը տեղի կունենա Սարգիս Հովսեփյանին հրաժեշտ տալու հանդիսավոր արաողությունը, իսկ Հովսեփյանը կխաղա 5 րոպե:

Վարդան Մինասյանը խոսեց Սարգիս Հովսեփյանի, հավաքականի խնդիրների և ապագայի մասին:

«Այս հավաքը շատ կարճ է, որովհետև ընկարական խաղ է: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից Մովսիսյանը դուրս մնաց վնասվածքի պատճառով, Խաչատուրովի հարցը պրոցեսի մեջ է: Մկոյանը չի մասնակցի խաղին. նա վնասվածքով է եկել: Սարկիսովը թեթև վնասվածք ունի հուսով ենք` կկարողանա խաղալ: Արզումանյանը երեկ խաղացել է 90 րոպե և որոշ խնդիրներ ունի, կժամանի նոր կտեսնենք կարող է մասնակցել հանդիպմանը, թե` ոչ:

Սարգիս Հովսեփյանը լեգենդար մարդ է և մենք պետք է կարողանանք նրան գնահատել: Ես բախտ եմ ունեցել նրա հետ առնչվել թե’ որպես խաղընկեր, թե’ որպես մարզիչ: Եկեք նրան այսօր գնահատենք: Նա պրոֆեսիոնալ է բոլոր առումներով: Նա օրինակ էր բոլորի համար: Շատ անգամ ֆուտբոլիստները կարող են խոսքով չընկալել, բայց նա խաղադաշտում կենդանի օրինակ էր և այդ առումով անփոխարինելի է:

Մենք այս խաղով պատրաստվելու ենք Չեխիայի հետ կայանալիք հանդիպմանը: Գաղտնիք չէ, որ այս պահին ունենք եզրային պաշտպանների և հենակետային կիսապաշտպանների խնդիր: Այս խաղից սկսած պետք է փորձենք լուծում գտնել այդ խնդրին: Մինչև Չեխիայի խաղը դեռ մի քանի ամիս կա և հուսով եմ նոր անուններ կլինեն:

Խաչատուրովը շատ լավ տպավորություն է թողել: Խելացի ֆուտբոլիստ է, բարձրահասակ, և կարծում եմ, որ օգտակար կլինի հավաքականին: Նա մեծ ցանկություն ունի հավաքականում խաղալու:

Մենք արդեն ուսումնասիրել ենք Լիտվայի ընտրանու խաղը: Հաղթելու ցանկություն կա, բայց ռևանշի մասին չենք մտածում: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների տրամադրվածությանը, ապա ընկերական խաղերի ժամանակ միշտ կան ինչ-որ վերապահումներ:

Ովքեր հիմա կան հավաքականում իրենք են համապատասխանում մեր խաղամակարդակին,  համապատասխան չափանիշներ ունեցողներն անպայման կհրավիրվեն»,- հայտարարեց Վարդան Մինասյանը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս